Իրանի տարածքով անցնող նոր տրանսպորտային միջանցքը պաշտոնապես մտել է գործառնական փուլ։
Fars գործակալության հաղորդմամբ՝ Պակիստանից դեպի Ուզբեկստան առաջին առևտրային բեռի առաքմամբ մեկնարկել է երթուղու աշխատանքը։
Նոր միջանցքը սկսվում է Պակիստանի Գվադար նավահանգստից և Իրանի տարածքով կապում է Հարավային Ասիան Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Ծրագրի նպատակն է ապահովել ուղիղ առևտրային կապ մոտ 70 միլիոնանոց շուկայի հետ և խթանել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։
Համեմատած ավանդական ուղիների հետ՝ այս երթուղին թույլ է տալիս կրճատել բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը՝ բարձրացնելով դրա մրցունակությունը։
Պակիստանցի պաշտոնյաների խոսքով՝ առաջին բեռնափոխադրումը փորձնական է և հիմք կդառնա միջանցքի հետագա լիարժեք շահագործման համար։
Նախագիծը միտված է ձևավորելու կայուն տարանցիկ ուղի և ավելացնելու տարածաշրջանային բեռնաշրջանառությունը։

