Իրանի շուրջ անկայունության պատճառով մենք զգացել ենք և շարունակում ենք զգալ լոգիստիկ, ինչպես նաև էներգակիրների գների հետ կապված խնդիրներ։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, զբոսաշրջային հոսքերի վերաուղղորդում է արձանագրվել Մերձավոր Արևելքից դեպի Հարավային Կովկաս։ Խաչատրյանը հավելել է, որ մայիսին զբոսաշրջության ոլորտում կտրուկ աճ է գրանցվել։ Նրա կանխատեսումներով՝ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման դեպքում ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ոլորտի աշխատավարձերը կարող են բարձրանալ։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի կողմից արտահանման սահմանափակումները գործում են արդեն երկու ամիս, ինչն ազդել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալն ընդգծել է, որ դրա հետ կապված ՀՆԱ-ի համար ռիսկերը գնահատվում են 1,5-2%-ի մակարդակում, ընդ որում սահմանափակումների տակ հայտնված ոլորտներում ներգրավված են տասնյակ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ և ֆերմերներ։
«Միևնույն ժամանակ, հունիսին և հուլիսին արձանագրվել են բարձր տնտեսական ցուցանիշներ, քանի որ տնտեսության մյուս ճյուղերը՝ շինարարությունը և ծառայությունների ոլորտը, շարունակում են աճել բարձր տեմպերով»,- հստակեցրել է նա։
Նրա գնահատմամբ՝ եթե չլինեին դեպի ռուսական շուկա արտահանման սահմանափակումները, ապա Հայաստանում մեծ հավանականությամբ բարձր գնաճ կլիներ սեզոնային ապրանքների մասով։ Խաչատրյանը նաև հայտնել է, որ ձկնամթերքի շուկայում նկատվում է գների անկում (10%-ի մակարդակում)։


