Իրանը պատրաստվում է նոր օրենք ընդունել Հորմուզի նեղուցով անցման վերաբերյալ

Նախատեսվում է, որ նեղուցով անցման վճարները սկզբնական փուլում կգանձվեն այդ արժույթներով։

Իրանը նախատեսում է օրենք ընդունել, որը կսահմանի Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգեր։

Այս մասին հայտարարել է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին։

Նրա խոսքով՝ «Հորմուզի նեղուցի անվտանգության ծրագրի» իրավական և միջազգային ասպեկտները քննարկվել են մի շարք հանդիպումների ընթացքում։

«Ծրագիրը խորհրդարանի բացումից անմիջապես հետո կընդունվի որպես պարտադիր օրենք և կուղարկվի կառավարությանը՝ իրականացման համար»,- նշել է նա։

Բորուջերդին հայտնել է նաև, որ Իրանի Կենտրոնական բանկը արդեն բացել է չորս հատուկ հաշիվ՝ տարբեր արժույթներով՝ ռիալ, յուան, դոլար և եվրո։

Նախատեսվում է, որ նեղուցով անցման վճարները սկզբնական փուլում կգանձվեն այդ արժույթներով, իսկ ապագայում՝ թվային ենթակառուցվածքի ներդրումից հետո, ամբողջությամբ կանցնեն ռիալով հաշվարկի։

Նոր կարգավորումները կարող են ազդել համաշխարհային նավթի և առևտրային փոխադրումների վրա, քանի որ Հորմուզի նեղուցը համարվում է կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկը։