Տեղեկատվական մանիպnւլյացիայի նկատմամբ դիմադրողականության խթանումը պետք է սկսվի կրթությունից. Նիկոլ Փաշինյան
Լուրեր |
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Գանայի նախագահ Ջոն Մահաման և այլք:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Նախ թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին և Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումին՝ այս կարևոր համաժողովը համատեղ կազմակերպելու համար, ինչպես նաև Ֆրանսիային և մնացած գործընկերներին՝ իրենց անգնահատելի աջակցության համար։
Մեծ պատիվ է ելույթ ունենալ այս համաժողովում այն ժամանակ, երբ տեղեկատվական տարածքի ամբողջականությունը և լրատվամիջոցների անկախությունը փորձության են ենթարկվում ինչպես երբեք։ Դրանք ոչ թե ուղղակի տեխնիկական կամ ոլորտային մարտահրավերներ են, այլև հիմնարար հարցեր, որոնք հարվածում են ժողովրդավարության, խաղաղության և կայուն զարգացման հենց սրտին։ Ինձ համար՝ որպես նախկին լրագրող, այս թեման հատկապես հետաքրքիր է։
Բազմակարծիք, թափանցիկ և անկախ լրատվամիջոցների խթանումը կարևոր է Հայաստանի համար, ինչպես ցանկացած ժողովրդավարության համար։ Կառավարությունները պետք է ստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ լրատվամիջոցների իրական անկախությունն ապահովելու համար։ Սակայն արդի ժամանակներում, որում ապրում ենք, մենք պետք է ապահովենք լրատվամիջոցների անկախությունը ոչ միայն կառավարություններից։ Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության աճող միտումների պայմաններում ազգային անվտանգության հարց է դառնում լրատվամիջոցների անկախությունը պաշտպանել նաև ուրիշներից։ Եվ սա հանգեցնում է լրատվամիջոցների արմատներին և դրանց բնույթին։ Ի՞նչի մասին են լրատվամիջոցները և ո՞րը պետք է լինի լրատվամիջոցների նպատակը։ Ես հավատում եմ, որ լրատվամիջոցների դերը հանրային գործին ծառայելն է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած կառավարություններին հաշվետու պահելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը և բարեփոխումների խթանումը։
Հարկ է ընդգծել, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության հետ կապված բոլոր հեղինակավոր միջազգային ինդեքսներում: Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսի համաձայն՝ 2019-ից 2024 թվականներին Հայաստանը 180 երկրների շարքում 80-րդ տեղից բարձրացել է 34-րդ տեղը, մամուլի ազատության առումով։
Մենք շարունակում ենք ամրապնդել մեր մամուլի միջավայրը և պահպանել լրագրողական ազնվությունը որպես էական հանրային բարիք՝ գիտակցելով, որ ժողովրդավարությունը վերջնական նպատակակետ չէ, այլ շարունակական պայքար՝ այն սկզբունքները պաշտպանելու և ամրապնդելու համար, որոնց վրա այն հիմնված է։
Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք այսօրվա մարտահրավերների լրջությունը՝ հիբրիդային սպառնալիքներ, արհեստական բանականության էքսպոնենցիալ աճ, ճշմարտության և կեղծիքի միջև սահմանների մշուշոտում, ապատեղեկատվության զենքի վերածում։ Այս սպառնալիքները վերացական չեն, դրանք իրական են, անմիջական և գլոբալ։ Դրանք մարտահրավեր են նետում ժողովրդավարական կառավարման հիմքերին, հանրային վստահությանը, բևեռացնում են հասարակությունները և թուլացնում ժողովրդավարական ինստիտուտները ներսից։
Ներկայիս տեղեկատվական լանդշաֆտն իր աննախադեպ արագությամբ և մասշտաբով պահանջում է մեր բոլորի նորովի նվիրվածությունը։ Արհեստական բանականությունը զարգանում է, և բովանդակության մանիպուլյացիան դառնում է ավելի ու ավելի խճճված, և մեր համատեղ ջանքերը պետք է կենտրոնանան ճշմարտության պաշտպանության, անկախ լրագրության պաշտպանության և տեղեկացված, բայց ոչ մոլորեցված հասարակությունների կառուցման վրա։
Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիան և միջամտությունը աշխարհում անվտանգության հետ կապված աճող մտահոգություն է։ Մենք կարծում ենք, որ այս սպառնալիքների հաղթահարումը պահանջում է իրական համագործակցություն համանման մտածողությամբ պետությունների միջև, որոնք կիսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար արժեքները, ինչպես նաև փոխադարձաբար նվիրված են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին։
Այս համատեքստում, մենք կարծում ենք, որ տեղեկատվական մանիպուլյացիայի նկատմամբ դիմադրողականության խթանումը պետք է սկսվի կրթությունից, քանի որ այսօր տեխնոլոգիաների զարգացումն ամբողջությամբ փոխել է ավանդական լրատվամիջոցների հայեցակարգը։ Մեզնից յուրաքանչյուրը՝ ձեռքում ունենալով սմարթֆոն, հնարավորություն ունի ստեղծել լրատվություն։ Եվ սա ընդգծում է յուրաքանչյուր անհատի մեդիագրագիտության կարևորությունը։
Մեզ անհրաժեշտ է կրթություն, որը ճանաչողական, սոցիալ-հուզական և վարքային մակարդակներում խթանում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են` խտրականության բացակայությունը, բազմազանության հարգանքը և այլ մարդկանց իրավունքները՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ Միևնույն ժամանակ, հենց կրթությունն է, որը, լինելով երիտասարդ սերունդների դաստիարակության հզոր գործիք, կարող է օգտագործվել սխալ նպատակներով։
Մենք պետք է նաև խթանենք իրական երկխոսությունը՝ ազգերի, համայնքների, սերունդների միջև։ Երկխոսություն, որը ներառական է, փաստերի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված։ Աշխարհում, որտեղ այնքան երկխոսություններ վտանգված են վերածվելու զուգահեռ մենախոսությունների, մեզ անհրաժեշտ է երկխոսություն, որի բարելավման համար դեռևս սահմաններ չեն երևում։ Եվ այստեղ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է իր ներդրումն ունենալ այս համատեղ ջանքերում։
Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը՝ պաշտպանելու ազատ և անկախ լրատվամիջոցները, պաշտպանելու թվային տարածքը և, մեր բոլոր միջազգային գործընկերների հետ միասին խթանելու ճշմարտության, թափանցիկության և հարգանքի վրա հիմնված գլոբալ տեղեկատվական տարածքը։ Ճանաչելով աշխարհի յուրաքանչյուր մասում առողջ տեղեկատվական էկոհամակարգերի կարևորությունը՝ Հայաստանը նախատեսում է նաև միանալ Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին՝ որպես տարածաշրջանի ֆոկուսային անդամ պետություն։
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այս կարևոր համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ճշմարտության, թափանցիկության և խոսքի ազատության գործն առաջ մղելու իրենց նվիրվածության համար: Այստեղ կայանալիք քննարկումները, անկասկած, կնպաստեն մեր համատեղ ըմբռնմանը և կոլեկտիվ կարողություններին` ուղղված համաշխարհային տեղեկատվական տարածքի առջև ծառացած բարդ մարտահրավերների հասցեագրմանը: Վստահ եմ, որ շարունակական երկխոսության, համագործակցության և փոխադարձ հարգանքի միջոցով մենք կարող ենք կառուցել ճշմարտության և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված դիմացկուն հասարակություններ:
Համաժողովին և դրա բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և հաջողություններ առաջիկա կարևոր աշխատանքում»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները․ Թորոսյան
2025/10/30/ 16:20 -
Զգոն եղեք հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. հաճախ «անվճարը» կարող է թանկ արժենալ․ ՆԳՆ
2025/10/30/ 15:05 -
Սև և գունավոր մետաղների արտահանումը կարգելվի. սահմանափակումը կգործի մինչեւ 2026–ի օգոստոս
2025/10/30/ 15:02 -
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-օգոստոս
2025/10/30/ 14:10 -
Չինաստանն ԱՄՆ-ի հետ պատշաճ կերպով կլուծի TikTok-ի հարցը
2025/10/30/ 13:58 -
Արտաշատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու, թմրամիջոց և զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել
2025/10/30/ 13:57 -
Փոփոխություններ են կատարվել Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում
2025/10/30/ 13:55 -
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
2025/10/30/ 13:52 -
Սամվել Մարտիրոսյանը կրկին զգուշացնում է թիրախային hարձակումների մասին
2025/10/30/ 13:48 -
Գործատուներն ու աշխատողները կարող են պայմանագրերը կնքել, փոփոխել և ստորագրել առցանց՝ առանց թղթային ձևակերպումների. ՊԵԿ
2025/10/30/ 13:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ