Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը ներկայացրել են Հայաստանում ծխելու վիճակագրությունն ու նոր տիպի (էլեկտրոնային) ծխախոտների պատճառած ռիսկերը:
Ինչու է դա կարևոր. Չնայած օրենսդրական խստացումներին ու գովազդի սահմանափակումներին՝ մարքեթինգային նոր արշավների, բույրերի և վառ փաթեթավորումների պատճառով էլեկտրոնային ծխախոտների թիրախում են հայտնվում հատկապես կանայք, դեռահասներն ու երեխաները:
Առանցքային ցուցանիշներն ու ռիսկերը.
Մեծահասակների վիճակագրությունը. Հայաստանում 18-ից բարձր բնակչության 25.5%-ը ամենօրյա ծխող է (տղամարդկանց 53%-ը, կանանց 2%-ը):
Վտանգավոր միտումներ երեխաների շրջանում. Առաջին փորձերը գրանցվում են արդեն 11 տարեկանից: 13 տարեկանների շուրջ 5%-ն օգտագործում է ծխախոտային արտադրանք, իսկ 15 տարեկանների շրջանում ծխում է տղաների 25%-ը և աղջիկների 4%-ը:
Առողջապահական հետևանքները. Թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանի խոսքով՝ թոքի քաղցկեղով պացիենտների մեծ մասը ծխողներ են (հիմնականում 50-ից բարձր տղամարդիկ):
Բուժման արդյունավետությունը. Ծխելը թողնելու դեպքում վիրահատական և դեղորայքային բուժումից հետո հիվանդների ապրելիությունը լավանում է 5-10%-ով:


