Մեկնարկել է 2027-2028 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ դոկտորանտուրայի ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Տեղերի ձևավորման համար հայտերը ներկայացվում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 9-ը՝ ժամը 18։00-ն։
Հայտերի ներկայացման ընթացակարգը.
Գիտական թեմա ղեկավարող անձը.
հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագիր իրականացնող հաստատության գիտական խորհրդին կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ ստորաբաժանմանը,
ստանում է եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է թեմայի արդիականությունը և տվյալ հաստատությունում այն իրականացնելու նպատակահարմարությունը,
hesc.am համակարգում ներմուծում է եզրակացությունը և լրացնում հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ կայքում պահանջվող տվյալները,
հայտն ուղարկելուց հետո համակարգում ձևավորված և ծածկագիր ստացած հայտի տիտղոսաթերթը ներկայացնում է հաստատությանը, որտեղ իրականացվելու է հետազոտությունը։
Հաստատությունը․
hesc.am համակարգի միջոցով ստուգում է հաստատության ցանկում ներառված հայտերում առկա տեղեկատվությունը,
հաստատության հայտերը քննարկվում և հաստատվում են գիտխորհրդի կողմից,
Հաստատությունը մեկ ընդհանուր փաթեթով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացնում ամփոփված հայտերը՝ նշելով հաստատության առաջնահերթությունները։
Հաջորդիվ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն նախապատրաստում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2027-2028 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ դոկտորանտուրայի ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը՝ հաշվի առնվելով հետևյալ գործոնները.
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգում հավանական գիտական ղեկավարի հայտի առկայությունը,
Հաստատության կողմից հավանական գիտական ղեկավարների ներկայացրած հայտերին տրված առաջնահերթությունը,
Գերատեսչությունների հայտերը,
Հաստատության ներկայացրած տեղերի քանակը,
Հավանական գիտական ղեկավարի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) տպագրված հոդվածների առկայությունը, հոդվածների քանակը, Հիրշի ինդեքսը և այլն։
Հավանական գիտական ղեկավարի ընթացիկ ասպիրանտների և հայցորդների թիվը (ընթացիկ տարում ավարտող ասպիրանտների ու հայցորդների առկայությունը հաշվի չի առնվում):


