1. Սերգեյ Շոյգու. «ԵՄ-ին ինտեգրվելը նշանակում է խզել կապերը ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի հետ»
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի դեպի Եվրոպական միություն ինտեգրումը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի տնտեսության համար:
Մանրամասներ. Ըստ Շոյգուի՝ այդ սցենարի դեպքում հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացում, ինչպես նաև զբոսաշրջային հոսքերի կրճատում։ Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ չէ իր վրա վերցնել Հայաստանի տնտեսության վերափոխման հիմնական ծախսերը և կսահմանափակվի միայն առանձին ծրագրերի ֆինանսավորմամբ։
2. TRIPP նախագծի շուրջ զարգացումներ. ԱՄՆ հավանությունը և Մոսկվայի արձագանքը
ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը. ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը։ Սա հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն է, որը միտված է աջակցելու առևտրին, տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային փոխկապակցվածությանը։
Մարկո Ռուբիոյի հայտարարությունը. ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ TRIPP նախագծի իրականացումը նոր տնտեսական և տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի համար՝ հիմք դնելով տարածաշրջանային համագործակցությանը: Վերջնական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկա շաբաթներին:
Մարիա Զախարովայի արձագանքը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով մայիսի 26-ին Երևանում ստորագրված շրջանակային համաձայնագրին, հայտարարել է, որ Վաշինգտոնին միայն պետք են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները, և ԱՄՆ-ն հեշտությամբ կշրջի պայմանավորվածությունների էջը, երբ «կորցնի ախորժակը»։
3. ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցություններին
Եվրամիության խորհրդում մեկնարկում է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացման նախապատրաստությունը։
Հունգարիայի դիրքորոշումը. Գործընթացին երկար ժամանակ խոչընդոտող Հունգարիայի հետ խնդիրները հարթվել են։ Երկրի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ապրող հունգարական փոքրամասնության լեզվական, կրթական ու մշակութային իրավունքների ընդլայնման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
4. Ռուսական բեռները Հայաստան կհասնեն Ադրբեջանի տարածքով
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բելաջարի» կայարանից դեպի Հայաստան է ուղարկվելու հերթական բեռնափոխադրումը:
Բեռի կազմը. Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կտեղափոխվի 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ: Նախորդ նմանատիպ խմբաքանակը (2 վագոն պարարտանյութ և 2 վագոն ցորեն) ՀՀ էր ուղարկվել հունիսի 1-ին։
5. Ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կազմը համալրվել է նոր երկրներով։
Կազմը. Ավստրիան, Ղրղզստանը, Պորտուգալիան, Տրինիդադ և Տոբագոն ու Զիմբաբվեն ընտրվել են երկու տարի ժամկետով: Նրանց լիազորությունները կմեկնարկեն 2027 թվականի հունվարի 1-ից։
6. Խոշոր հրդեհ Նյու Դելիում. կա առնվազն 21 զոհ
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի հարավային հատվածում՝ Մալվիա Նագար շրջանում գտնվող բազմահարկ հյուրատանը խոշոր հրդեհ է բռնկվել:
Հետևանքները. Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, տասնյակները վիրավորվել են։ Հյուրատունը սպասարկում էր մոտակա հիվանդանոցում բուժվող պացիենտներին և նրանց հարազատներին, զոհերի մի մասը օտարերկրացիներ են: Ավելի քան 40 մարդ փրկվել է, հրդեհի պատճառները ճշտվում են:
7. Ուկրաինական հարվածներ Ղրիմի ուղղությամբ
Թիրախավորվել են Ղրիմի թերակղզու Սիմֆերոպոլ և Սևաստոպոլ քաղաքները, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Կորուստներ. Սիմֆերոպոլում ոչ բնակելի հատվածին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 7 մարդ։ Սևաստոպոլում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ավելի քան 20 ԱԹՍ, սակայն քաղաքում արձանագրվել են շինությունների վնասներ։

