2025 թվականի ընթացքում հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որոնցից 19,367-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներ են։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ 2024 թվականի համեմատ արձանագրվել է քաղաքացիության շնորհման զգալի աճ։ Դիմումների մեծ մասը ներկայացրել են ազգությամբ հայ այլ երկրների քաղաքացիները, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները։
Արփինե Սարգսյանը նշել է, որ այս միտումը վկայում է Հայաստանի գրավչության աճի մասին՝ թե՛ սփյուռքահայերի, թե՛ տեղահանվածների, և թե՛ օտարերկրյա քաղաքացիների շրջանում։
Նա նաև անդրադարձել է այն պնդումներին, թե պետությունը բավարար չափով չի տրամադրում քաղաքացիություն ԼՂ-ից տեղահանվածներին։ Նախարարի տվյալներով՝ ընդհանուր առմամբ 36,676 տեղահանված արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, որոնցից մի մասը՝ անձնագրավորման գործընթացով, իսկ մյուս մասը՝ նախագահի հրամանագրով։
Նշվել է նաև, որ տեղահանված անչափահասների թիվը կազմել է շուրջ 28 հազար, որոնցից արդեն 12 հազարը ստացել է ՀՀ քաղաքացիություն անձնագրավորման եղանակով։

