Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները համագործակցության երկկողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել կարևոր նշանակության օգտակար հանածոների և հազվագյուտ հողային տարրերի ոլորտում։ Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Նյու Դելիում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի մասնակցությամբ։
Մատակարարման շղթաների դիվերսիֆիկացում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի փոխանցմամբ՝ ստորագրված փաստաթուղթն ուղղված է ռազմավարական հումքի մատակարարումների հուսալիության ապահովմանը՝ ներառելով արդյունաբերական ամբողջական շղթան:
«Այս շրջանակային համաձայնագիրն ստեղծվել է կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում մեր համագործակցությունը և հազվագյուտ հողային տարրերի մատակարարման շղթայի բոլոր փուլերում՝ ներառյալ արդյունահանումը, վերամշակումը, ուտիլիզացիան և հարակից ներդրումները խթանելու նպատակով։ Այն թույլ կտա ամրապնդել կայուն ու դիվերսիֆիկացված մատակարարման շղթաները, կնպաստի ֆինանսավորման հարցերում մեր փոխգործակցությանը, ինչպես նաև ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»,- պարզաբանել է Ջայշանկարը։
Պայքար մենաշնորհների դեմ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին շեշտադրել է, որ երկու երկրների ռազմավարական շահերը պահանջում են նորարարական տնտեսության համար հանգուցային նշանակություն ունեցող ռեսուրսների երկարաժամկետ և անվտանգ հասանելիություն։ Նա ընդգծել է մատակարարման աղբյուրների սահմանափակության ռիսկերը արդի աշխարհաքաղաքական պայմաններում:
Ռուբիոյի ձևակերպմամբ՝ դինամիկ զարգացող նորարարական տնտեսությունները չեն կարող թույլ տալ, որ սեփական արդյունաբերության բազային նյութերը խոցելի մնան մատակարարման միակ աղբյուրը վերահսկող մենաշնորհների առաջ: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ նման մենաշնորհները ունակ են օգտագործել ռեսուրսների հասանելիությունը որպես ճնշման լծակ ոչ միայն բաց հակամարտության դեպքում, ինչը հակասում է երկրների ինքնիշխան ազգային շահերին։

