HiPP «Գազար/Կարտոֆիլ» բանջարեղենային խյուս (190 գ) արտադրատեսակը չի ներմուծվել ՀՀ

HIPP ընկերությունից հայտնել են, որ ապրանքի հետկանչը պայմանավորված է առանձին փաթեթների վնասմամբ։

Արձագանքելով համացանցով շրաջանառվող հաղորդագրություններին Ավստրիայում HiPP մանկական սննդի հետկանչի վերաբերյալ «Նատալի Ֆարմ» ընկերությունից տեղեկացրին, որ «Գազար/Կարտոֆիլ» բանջարեղենային խյուս (190 գ) արտադրատեսակը ընդհանրապես չի ներմուծվում Հայաստանի Հանրապետություն «նատալի Ֆարմ» ընկերության կողմից։

HIPP ընկերությունից հայտնել են, որ ապրանքի հետկանչը պայմանավորված է առանձին փաթեթների վնասմամբ, որը, ենթադրվում է, արտաքին հանցավոր միջամտության արդյունք է։ «Այս միջադեպը կապված չէ արտադրական գործընթացի հետ»

HIPP ընկերությունը պարզաբանել է, որ այս փուլում մի շարք երկրների ոստիկանությունները իրականացնում են հետաքննություն, ինչի պատճառով մանրամասն տեղեկությունը ժամանակավորապես սահմանափակ է։

Ավստրիական իշխանությունները տեղեկություն են ստացել, որ HiPP-ի տարաներից մեկում հայտնաբերվել է մկնդեղ։ Ոստիկանության տվյալներով՝ տարան դիտավորյալ վնասված է եղել։ Հետաքննության շրջանակում նման դեպքեր արձանագրվել են նաև Չեխիայում և Սլովակիայում։ Գերմանացի քննիչները ենթադրում են, որ գործը կարող է կապված լինել հանցագործության կամ շորթման փորձի հետ։

Ընկերությունում հավելել են, որ HiPP-ն արդեն պատրաստել է համապատասխան ուղեցույցներ իր գործընկերների համար՝ սպառողների հետ հաղորդակցության վերաբերյալ։

HiPP ընկերության ղեկավարությունը շեշտում է, որ տարաները գործարանից դուրս են եկել կատարյալ վիճակում, և միջադեպը կապված չէ արտադրական շղթայի որակի հետ։

Ավստրիական իշխանությունները կոչ են անում ծնողներին ուշադրություն դարձնել հետևյալ նշաններին ապրանք գնելիս՝

  • վնասված կամ ոչ սերտ փակվող կափարիչ,
  • բացման մասին վկայող օղակի բացակայություն,
  • յուրահատուկ, անսովոր հոտ,
  • սպիտակ պիտակ՝ ապակյա տարայի հատակի կարմիր շրջանի վրա։

«Այս պահին մենք մշտական կապի մեջ ենք HiPP միջազգային գրասենյակի հետ և կհրապարակենք լրացուցիչ տեղեկատվություն՝ այն ստանալուն պես», - փոխանցեցին «Նատալի Ֆարմ»-ից։

Կից ներկայացնում ենք մեզ տրամադրած HIPP ընկերության պաշտոնական գրությունը։