Հայաստանում նախատեսվում է սահմանել օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող՝ օտարերկրյա պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, գործունեության վերահսկողության, կասեցման և դադարեցման կարգը։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։
Կարգավորումը վերաբերելու է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպություններին, նրանց հայաստանյան ներկայացուցիչներին և ներկայացուցչություններին։
Հայաստանում գործունեություն իրականացնելու համար կազմակերպությունը պետք է ավտորիզացում ստանա կենտրոնական մարմնից։ Այն պետք է ներկայացնի հավատարմագրման, փորձառության, անձնակազմի մասնագիտական որակավորման, նախատեսվող գործունեության, մատուցվող ծառայությունների, դրանց վճարների և այլ ծախսերի վերաբերյալ փաստաթղթեր։
Կազմակերպության, նրա ներկայացուցչի և ներկայացուցչության անձնակազմի վերաբերյալ տեղեկությունները կուղարկվեն ՆԳՆ ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ հնարավոր խախտումների և որդեգրման ոլորտում գործունեություն իրականացնելու խոչընդոտների առկայությունը ստուգելու համար։
Դիմումը կքննարկվի նաև արդարադատության նախարարի հրամանով ստեղծվող աշխատանքային խմբում։ Խումբը եզրակացություն կներկայացնի կազմակերպության ավտորիզացման, ինչպես նաև նրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեությանը համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ։
Ավտորիզացումը կտրամադրվի երեք տարի ժամկետով, սակայն չի կարող գերազանցել օտարերկրյա պետության իրավասու մարմնի տրամադրած հավատարմագրման ժամկետը։
Ավտորիզացված կազմակերպությունների, նրանց ներկայացուցչությունների և ներկայացուցիչների կոնտակտային տվյալները կհրապարակվեն ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։
Կազմակերպությունները պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո ներկայացնել իրենց գործունեության, մատուցված ծառայությունների, վճարների և կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։ Յուրաքանչյուր որդեգրման գործընթացի ավարտից հետո ևս կներկայացվի առանձին հաշվետվություն՝ կատարված աշխատանքների և փոխանցված գումարների մասին։
Որդեգրումից հետո երեք տարվա ընթացքում կազմակերպությունը, նրա ներկայացուցչությունը կամ ներկայացուցիչը յուրաքանչյուր տարի պետք է կենտրոնական մարմնին զեկույց ներկայացնի որդեգրված երեխայի հետորդեգրման վիճակի վերաբերյալ։
Հաշվետվությունները կուսումնասիրեն նաև ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը՝ ստուգելու կազմակերպության գործունեության համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիային, այդ թվում՝ կատարված ծախսերի հիմնավորվածությունը։
Խախտումների դեպքում կազմակերպության ավտորիզացումը կարող է կասեցվել։ Եթե կասեցման հիմք դարձած խախտումները վեց ամսվա ընթացքում չվերացվեն, ավտորիզացումը կարող է դադարեցվել։
Ավտորիզացումը կարող է կասեցվել նաև ռազմական դրության, պատերազմի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում։
Նախագծով արդարադատության նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել համապատասխան աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

