ABNews

Հակակոռուպցիոն բարեփոխումներ, աղքատության կրճատում. ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ուղենիշները

Լուրեր | 2026/08/20 12:28

Հակակոռուպցիոն բարեփոխումներ, աղքատության կրճատում. ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ուղենիշները

Հրապարակվել է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը, որում անդրադարձ կա Կառավարության գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրում նշվում է, որ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդումը և հետագա ինստիտուցիոնալացումը, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանումը և հետագա զարգացումը տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ճանապարհով։

Հաջորդ ուղենիշը Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումն է  «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, TRIPP նախագծի հիման վրա։

Ուղենշային մյուս ակնկալվող արդյունքը ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումների խորացումն է, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։

Կառավարության առաջիկա տարիների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներից են ամբողջ բնակչության ներառումն առողջության ապահովագրության համակարգում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը, տարեկան միջինը 6% տնտեսական աճը, 125 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը, կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի ավելացումն առնվազն երեք անգամ, հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկումը, արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճը (ընթացիկ գներով)՝ 2025 թվականի 3,3 տրլն ՀՀ դրամից հասցնելով մինչև 5 տրլն ՀՀ դրամի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելացումն առնվազն      50%-ով, հացահատիկի արտադրության կրկնապատկումը, 10 ջրամբարի կառուցման մեկնարկը՝ 2033 թվականին ավարտելու նպատակադրումով, 350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցումը և վերակառուցումը, ոռոգման ապահովումը 10 հազար հեկտար նոր հողերի համար, 24-ժամյա ջրամատակարարման ապահովումը Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

Ուղենշային հաջորդ ակնկալվող արդյունքներն են ՀՀ կառավարության 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի (ներառյալ համայնքային լողավազանները) կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և ամբողջական գույքով հագեցումը, գործարկումը, Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը, առաջատար դասի արհեստական բանականության (ԱԲ) հաշվարկային առնվազն 100 հազար GPU-ի համարժեքի կամ մեկ միլիոն բնակչի հաշվով առնվազն 35 հազար GPU-ի համարժեքի ձևավորումը, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովումը Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար, Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացումը՝ Երկրի դիտարկման առնվազն երկու և հեռահաղորդակցական մեկ արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների ու կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով, 1000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկումը, աղքատության կրճատում 5%-ային կետով, պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացումը, ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի  գործընթացի  շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցված անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքերի վերադարձ հանրությանը՝ շուրջ 2 մլրդ դոլար համախառն ծավալով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը