Գերմանիայում վառելիքի գները շարունակում են արագ աճել

Գների այս աճը դժգոհություն է առաջացնում բնակչության շրջանում։

Գերմանիայում վառելիքի գները շարունակում են արագ աճել՝ Իրանի շուրջ հակամարտության սրման ֆոնին։ Euronews-ի հաղորդմամբ՝ բենզալցակայաններում գները միջինում աճել են մոտ 30 ցենտով մեկ լիտրի համար՝ հասնելով գրեթե 2,5 եվրոյի որոշ տեսակի վառելիքի դեպքում։

Գների այս աճը դժգոհություն է առաջացնում բնակչության շրջանում, հատկապես հաշվի առնելով, որ մի շարք եվրոպական երկրներում վառելիքն ավելի մատչելի է։

Քյոլնի բնակիչներից մեկը՝ 35-ամյա Քևին Պլյուկենը, նշում է, որ ստիպված է կրճատել իր ճանապարհորդությունները և ծախսերը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր լիցքավորման համար վճարում է մոտ 20 եվրո և դժվարությամբ է ծածկում իր հիմնական կարիքները։

Փորձագետները գների աճը կապում են Մերձավոր Արևելքում լարվածության սրման հետ, մասնավորապես՝ նավթի և գազի ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Հորմուզի նեղուցը համաշխարհային նավթի մատակարարումների առանցքային ուղիներից է, որով անցնում է աշխարհի նավթի մոտ 20%-ը։ Այդ պատճառով ցանկացած խափանում անմիջապես անդրադառնում է համաշխարհային գների վրա։

Չնայած Գերմանիայի կառավարությունը փորձում է մեղմել իրավիճակը՝ տարբեր միջոցներով աջակցելով սպառողներին, շատ քաղաքացիներ շարունակում են դժգոհել բարձր գներից։