Գազի հնարավոր թանկացումը, էլեկտրաէներգիայի սպասվող սակագնային հաշվարկներն ու էժան ռեսուրսների դիմաց ինքնիշխանությամբ չվճարելու քաղաքական դիրքորոշումը դարձել են խորհրդարանական բյուջետային քննարկումների ամենաթեժ թեմաներից մեկը:
Գազի և էլեկտրաէներգիայի սակագները. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի փոխանցմամբ՝ նույնիսկ գազի գնի հնարավոր բարձրացման պարագայում, այս ձմռան ընթացքում դա բնակիչ-սպառողների վրա չի անդրադառնա:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա այն ձևավորվում է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ՝ ուղղակիորեն կախված լինելով արտարժույթի փոխարժեքից, հիդրոռեսուրսների ծավալից և իրականացվող ներդրումներից:
Մեսրոպ Մեսրոպյան (ՀԾԿՀ նախագահ).
«Մինչ այս պահը հնարավոր է եղել էլեկտրաէներգիայի սակագինը պահել նույն կետի վրա։ Ճիշտ այս օրերին մեր գործառույթով մենք պետք է մինչև դեկտեմբերի վերջ հայտարարենք առաջիկա տարվա էլեկտարէներգիայի սակագների ինչպիսին լինելը։ Էս ասածներիս հիման վրա կհաշվարկենք և կոնկրետ պատասխանը այդ ժամանակ կտամ»։
ԵԱՏՄ անդամակցությունն ու տնտեսական ակնկալիքները
Հարցի քաղաքական և տնտեսական կողմին անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Հայաստանը չի ստացել ակնկալվող տնտեսական օգուտները, մասնավորապես՝ գազի գնագոյացման հարցում:
Տնտեսագիտական կանոնների համաձայն՝ փոքր տնտեսությունները խոշոր շուկաներին միանալիս պետք է ստանան ավելի մեծ արտոնություններ, հակառակ դեպքում դրանք աստիճանաբար կորցնում են իրենց մրցունակությունը։ Մինչդեռ ԵԱՏՄ-ում պատկերը հակառակն է. եթե մինչ անդամակցությունը Հայաստան-Ռուսաստան առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը կազմում էր շուրջ 700 միլիոն դոլար, ապա որոշ ժամանակ անց այդ ցուցանիշը հասել է շուրջ 2 միլիարդ դոլարի։
Գևորգ Պապոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար).
«Այսօր ՀՀ-ն ԵԱՏՄ-ից ստանալով 250 միլիոն, տալով՝ 450, ոչ միայն պետք է բացասական չլիներ, այլ պետք է մոտ 1 միլիարդ ստանայինք, ու եթե դրա գինը եղել է այն, որ դրա փոխարեն պետք է լինի էժան գազ, ուրեմն եկեք չասենք՝ էժան գազ։ Մենք փողի փոխարեն ստացել ենք բնամթերք, եթե դա է եղել բանաձևը։ Ինչ վերաբերում է գազի գնին, ես կարծում եմ, որ բոլորիս համար պետք է ընդունելի լինի ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ։ Ես կարծում եմ, որ եթե որևէ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ + 20 դրամի ինքնիշխանություն»։
Այսպիսով, առաջիկա տարվա էներգետիկ սակագների վերջնական պատկերը պարզ կդառնա դեկտեմբերի վերջին, իսկ կառավարության դիրքորոշումը հստակ է՝ տնտեսական հարաբերություններում ռեսուրսների դիմաց վճարումը պետք է կատարվի բացառապես ֆինանսական, այլ նչ թե քաղաքական կամ ինքնիշխանության զիջման գնով:


