Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ): Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ հղում անելով ՌԴ Դաշնային հարկային ծառայության պաշտոնական տվյալներին (nalog.gov.ru):
Նոր կարգավորումները վերաբերում են ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող բոլոր ապրանքներին։
Հիմնական պահանջները և QR-կոդի անհրաժեշտությունը Թեև համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծող կողմը, նոր կարգը կենսական է ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար: Առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռների մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։
Էկոնոմիկայի նախարարությունը հստակեցնում է այն քայլերի հաջորդականությունը, որոնք ՀՀ արտահանողները պետք է ապահովեն մինչև բեռի ուղարկումը.
Փաստաթղթի ձևավորում (ДОПП). Ռուսաստանյան ներմուծողը կամ էլեկտրոնային առևտրի հարթակը (գործակալը) պետք է նախապես ձևավորի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը (ДОПП):
Ներկայացման ժամկետները. Փաստաթուղթը պետք է ներկայացվի սահմանի հատումից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, և ոչ ուշ, քան 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում:
Տվյալների համապատասխանություն. Ռուսաստանյան կողմը պետք է արտահանողին փոխանցի ստացված QR-կոդը: Փոխադրողը պետք է ունենա այդ կոդը մինչև ՌԴ սահմանին մոտենալը, իսկ բեռն ուղեկցող փաստաթղթերի տվյալները պետք է նույնական լինեն ДОПП-ում նշված տեղեկությունների հետ:
Ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ տրամադրել գործընկերոջը Համակարգում փաստաթղթի անխափան գրանցման համար ՀՀ արտահանողները պարտավոր են ռուսաստանյան կողմին ժամանակին տրամադրել հետևյալ տվյալները.
Ապրանքի անվանումը, քանակը և արժեքը,
ԱՏԳ ԱԱ (ТН ВЭД) ծածկագիրը,
Հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,
Փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը,
ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող հստակ ամսաթիվը։
Գերատեսչությունը հորդորում է տնտեսվարողներին նախապես քննարկել նոր կարգը ՌԴ գործընկերների և լոգիստիկ ընկերությունների հետ՝ սահմանին բեռների ուշացումներից և լրացուցիչ ֆինանսական ծախսերից խուսափելու համար:

