Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով պրեմիում դասի ավտոմեքենաների առաքումները դեպի Մերձավոր Արևելք զգալիորեն սահմանափակվել են։
Bloomberg-ի տվյալներով՝ Ferrari-ն գրեթե ամբողջությամբ դադարեցրել է մատակարարումները տարածաշրջան՝ պահպանելով միայն օդային ճանապարհով իրականացվող սահմանափակ առաքումները։ Ընկերությունը այս քայլը բացատրել է լոգիստիկ ռիսկերով։
Նույն ճանապարհով է գնացել նաև Maserati-ն՝ դադարեցնելով առաքումները անվտանգության և լոգիստիկ խնդիրների պատճառով։
Bentley-ն նույնպես կանգնեցրել է մատակարարումները՝ նշելով, որ թեև արտադրությունը չի տուժել, տարածաշրջանում պահանջարկը կտրուկ նվազել է։
Միևնույն ժամանակ, ավիափոխադրումները դարձել են հիմնական, սակայն շատ թանկ այլընտրանք։ Ըստ Mansory ընկերության՝ օդային փոխադրումները 3-4 անգամ ավելի թանկ են, քան ծովայինները, ինչը սուպերմեքենաների դեպքում կարող է ավելացնել հարյուր հազարավոր դոլարներ յուրաքանչյուր ավտոմեքենայի արժեքին։
Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ մատակարարումների մոտ 20%-ի հիմնական ուղին է, սակայն այժմ դրա խափանումները ազդում են նաև այլ ոլորտների վրա՝ ներառյալ ավտոարդյունաբերությունը։
Մերձավոր Արևելքը երկար տարիներ եղել է լյուքս ավտոմեքենաների կարևոր շուկա, որտեղ Ferrari-ն և Bentley-ն տարեկան վաճառել են հազարավոր մեքենաներ։
Սակայն ստեղծված իրավիճակում շուկան կարող է ժամանակավորապես մնալ առանց նոր մոդելների՝ մատակարարումների անորոշության պայմաններում։

