Փետրվարի 23-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում

Սլովակիան սպառնում է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ եթե Ուկրաինան չվերսկսի նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, Բրատիսլավան կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիևին։ Նրա խոսքով՝ համապատասխան հանձնարարական կտրվի SEPS-ին, եթե նավթի մատակարարումները չվերականգնվեն։

NYT․ Թրամփը քննարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածը

New York Times-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ թիրախային հարված հասցնելու տարբերակը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ավելի լայնածավալ գործողություն սկսելու հնարավորությունը։ Քննարկվող թիրախների թվում են ԻՀՊԿ շտաբը, միջուկային օբյեկտներն ու բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Անկարգություններ Մեքսիկայում

Մեքսիկայի հինգ նահանգում անկարգություններ են սկսվել «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելի առաջնորդի հնարավոր չեզոքացման մասին տեղեկություններից հետո։ Իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկությունը, սակայն ուժեղացրել են իրավապահների ներկայությունը։

Ձնաբուք Նյու Յորքում՝ արտակարգ դրություն

Նյու Յորքի քաղաքապետը ձնաբքի պատճառով հայտարարել է արտակարգ դրություն։ Մայրուղիները ժամանակավորապես փակ կլինեն, դպրոցները չեն գործի, քաղաքում կբացվեն տաքացման կետեր։

Երևանում փոսալցման և մաքրման աշխատանքներ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքում ակտիվորեն իրականացվում են փոսալցման աշխատանքներ։ Շաբաթվա ընթացքում նախատեսվում է ավարտել նաև փողոցների ավազի մնացորդների մաքրումը։

Ուսանողական բողոքի ցույցեր Իրանում

Իրանի մի շարք համալսարաններում շարունակվում են ուսանողական բողոքի ցույցերը։ Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մոտ բախումներ են գրանցվել ուսանողների և «Բասիջ» կիսառազմական ուժերի միջև։

ՌԴ-ում միգրանտների վերաբերյալ օրինագիծ

Պետդումա է ներկայացվել օրինագիծ, ըստ որի՝ արտոնագրով աշխատող միգրանտների զավակները 18 տարին լրանալուց հետո պետք է կամ լքեն երկիրը, կամ դիմեն սեփական արտոնագրի համար։ Նախատեսվում է, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2027 թվականից։

Ավտոբուսի վթար Նեպալում

Նեպալի կենտրոնում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը։ Զոհվել է 18 մարդ, 25-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են բանակը, ոստիկանությունն ու տեղի բնակիչները։

Միջադեպ Մար-ա-Լագոյում

ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները Ֆլորիդայում կրակել են մի տղամարդու վրա, որը փորձել էր ներթափանցել Մար-ա-Լագոյի տարածք։ Տղամարդը զինված է եղել որսորդական հրացանի նմանվող առարկայով և վառելիքի տարայով։

Բեռնատարների կուտակում Վրաստանի սահմանին

Փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված բեռնատարները փետրվարի 12-ից կանգնած են Վրաստանի սահմանին։ Վարորդները պնդում են, որ ճանապարհը փակ է և պահանջվում է վճար։

Զելենսկի․ Պուտինը սկսել է լայնածավալ պատերազմ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի ներխուժումը սկիզբ է դրել ավելի լայն հակամարտության և կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ կիրառել ուժեղ ռազմական և տնտեսական ճնշում։

Բողոք՝ առողջության ապահովագրության համակարգի շուրջ

ԱԺ-ի մոտ կազմակերպված ակցիայի ընթացքում նշվել է, որ համընդհանուր առողջության ապահովագրության գործարկումից հետո բժիշկները աշխատավարձերը ստացել են ուշացումով և նվազ չափով։