ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում։ Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի նպատակն է մասնակցությունը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին։
Այցի շրջանակում հունիսի 6-ին նախարար Պապոյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։
Իր ելույթում գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստավոր հնարավորություն են ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և Միության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար։
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի Միության բոլոր անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։

