Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված միակողմանի մաքսատուրքերը։ Այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է ՉԺՀ-ի Առևտրի նախարարությունը՝ մեկնաբանելով ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը։
Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը ճանաչել էր, որ արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը, որի հիման վրա նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է ներմուծման մաքսատուրքեր, նրան նման իրավասություն չի տալիս։
Դատարանի որոշումը Թրամփը բնորոշել է որպես «խայտառակություն»՝ նշելով, որ ունի պահեստային ծրագիր։
Չինաստանի Առևտրի նախարարության հայտարարության մեջ նշվում է.
«Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել առևտրային գործընկերների նկատմամբ համապատասխան միակողմանի մաքսատուրքերը»։
Գերատեսչությունում նաև ընդգծել են, որ համագործակցությունը շահավետ է ինչպես Չինաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին։

