Նավթի գների աճի պայմաններում ԱՄՆ-ում ճապոնական և հարավկորեական հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը զգալիորեն աճել է: Այս մասին գրում է Financial Times (FT)-ը։
Դրանից, մասնավորապես, շահել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Honda-ն, Hyundai-ն և Toyota-ն, որոնց բաժին է ընկնում ԱՄՆ-ի հիբրիդային ավտոմեքենաների շուկայի 86%-ը։ Հուլիսին ԱՄՆ-ում հիբրիդային ավտոմեքենաների վաճառքն աճել է 20%-ով, մինչդեռ երկրում ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը նվազել է 1.5%-ով։ Hyundai-ի հիբրիդային ավտոմեքենաների վաճառքն աճել է 62%-ով, Toyota-ինը՝ 22%-ով, իսկ Honda-ինը՝ 15%-ով։
Ասիական ընկերություններն ավանդաբար մեծ քանակությամբ հիբրիդային ավտոմեքենաներ են արտադրում, մինչդեռ ամերիկյան ավտոարտադրողները նման մոդելների սահմանափակ տեսականի ունեն։
«Հիբրիդներն առաջարկում են այն օպտիմալ հավասարակշռությունը, որը փնտրում են սպառողները», – նշել է Edmunds ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Ջեսիկա Քոլդուելը։
FT-ի հաղորդմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ հիբրիդային ավտոմեքենաները հնարավորություն են տալիս խնայել վառելիքի ծախսերը բենզինի գների աճի պայմաններում՝ միաժամանակ վարորդներից չպահանջելով էականորեն փոխել իրենց վարելու սովորությունները։


