Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ դառնալու Գազայի հարցով ստեղծվող «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանն, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվ ներդրում ունենալ միջազգային համագործակցության, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդման գործում», – նշված է հայտարարությունում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Փաշինյանը նույնպես ընդունել է Թրամփի հրավերը և պատրաստակամություն է հայտնել միանալու նորաստեղծ խորհրդին։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։ Նախաձեռնության նպատակն է նպաստել Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև ընդլայնել միջազգային համագործակցությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերում։
Ըստ տարբեր աղբյուրների՝ խորհրդին միանալու պաշտոնական հրավերներ ուղարկվել են շուրջ 60 երկրի ղեկավարների։ Դրանց թվում են մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ՝ այդ թվում Ղազախստանը, Ուզբեկստանը և Բելառուսը, ինչպես նաև եվրոպական, արաբական և այլ տարածաշրջանների երկրներ։
Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել բոլորի կողմից։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ որոշ երկրներ և քաղաքական դերակատարներ վերապահումներ ունեն խորհրդի մանդատի ընդլայնման և ՄԱԿ-ի դերակատարության վերաբերյալ։

