ԱՄՆ-ի և Իրանի հետ կապված իրադրությամբ, բնականաբար, մենք շատ անհանգստացած ենք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ նախագահն Իրանին տնտեսական պատերազմ է հայտարարել, մինչդեռ Հայաստանը երկու երկրների հետ հարաբերությունները խորացնելու նպատակ ունի, այս համատեքստում ԱՄՆ-ի որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա:
«Այդ թեմայի վերաբերյալ մենք շատ սերտ աշխատում ենք և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ, և մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի»,- ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ իրականացնել «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում»։
Թրամփի խոսքով՝ Իրանը նախկինում ստացել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հնարավորություն, սակայն չի օգտվել դրանից։ Նրա խոսքով՝ այժմ Վաշինգտոնը կանցնի Իրանի դեմ «երբևէ իրականացված ամենածանր տնտեսական գործողությանը»։
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է նաև բոլոր երկրներին, որ եթե նրանց ֆինանսական կառույցները, ընկերությունները, օդանավակայանները կամ պետական մարմինները որևէ աջակցություն ցուցաբերեն Իրանին, դա «հսկայական տնտեսական հետևանքներ» կունենա։
Իրանի արտգործնախարարն արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը: Աբբաս Արաղչին անհաջող է որակել ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ այն կհանգնեցնի նոր պարտությունների և իրանցիների շրջանում թշնամանքի աճի։ Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և պետությունների ինքնիշխանությանը:


