2025 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցավորության մակարդակի նվազում․ Գլխավոր դատախազ

2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 1335 դեպքով կամ 3,2%-ով։

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցավորության մակարդակի նվազում։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության հաղորդումը։

Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում կատարվել է 40722 հանցագործություն (2024 թվականին՝ 42057), որոնցից 18857-ը՝ Երևան քաղաքում (2024 թվականին՝ 19877)։

«2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 1335 դեպքով կամ 3,2%-ով», - ասել է Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։ «2025 թվականին այս ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով», - պարզաբանել է գերատեսչության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, կատարված 40722 հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, կազմում են թեթև (20041 դեպք կամ 49,2%) և միջին ծանրության (13585 դեպք կամ 33,4%) հանցագործությունները։

2024 թվականի համեմատ, ընդհանուր հանցագործությունների կառուցվածքում ծանր և հատկապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը նույնպես նվազել է (0.9%-ով)։ 2024 թվականին այս ցուցանիշը կազմել է 18.3%, իսկ 2025 թվականին՝ 17.4%։