2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի
պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ
127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
47%-ով: Իսկ
երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ մոտ
24․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը
3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի
43% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով շուրջ
8 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 727 գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։
Բաժնետոմսերի շուկայում գրանցվել է մոտ
153 մլն ՀՀ դրամի առևտուր՝ 156 գործարքով։ Չնայած նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրի ծավալը նվազել է
60%-ով, շուկայի կապիտալիզացիան աճել է
39%-ով՝ կազմելով ավելի քան
462 մլրդ ՀՀ դրամ։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ
5․7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
34%-ով: Ապրիլին կնքվել է 47 ռեպո գործարք։
Նշենք նաև, որ ապրիլ ամսից Բորսայի կայքում հասանելի են դարձել նաև Զամբյուղային ռեպո գործարքների տվյալները։ Այս հարթակի գործարքների ընդհանուր ծավալը ապրիլ ամսին կազմել է մոտ
9 մլրդ ՀՀ դրամ։
Ապրիլին
արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում՝ շուրջ
392 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 389–394 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է
392.16 դրամ։
Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել
այստեղ։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: