Մայր Աթոռի հարկային պարտավորությունների մասին փաստեր ու թվեր․ MediaHub
Օրերս ԱԺ ամբիոնից օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների կողմից մեղադրանք հնչեցվեց, որ Հայ առաքելական եկեղեցին հարկեր չի վճարում: Կամ՝ վճարում է, բայց ոչ բոլոր հարկերը: Հայ առաքելական եկեղեցու հարկային պարտավորությունների թեմայով MediaHub-ը զրուցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի հետ: –  Ինչո՞ւ Հայ եկեղեցին հարկեր չի վճարում: –  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պետական պարտադիր վճարները: Օրինակ, 2024թ. առաջին եռամսյակում հաշվարկվել և պետբյուջե են փոխանցվել 156.701.381 դրամի հարկեր և պարտադիր վճարներ։ Չի վճարում այն հարկերը, որոնցից ազատված է ՀՀ օրենսդրությամբ: –  Այդ դեպքում, ի՞նչ հարկեր է վճարում Հայ առաքելական եկեղեցին և ո՞ր հարկատեսակներից է ազատված: –  Հիմնական մասը կազմում է եկամտային հարկը: Օրինակ, այս եռամսյակում աշխատավարձի գծով եկամտային հարկը կազմել է 120.334.945 դրամ, պասիվ եկամուտների գծով՝ 3.053.716 դրամ: Եկեղեցու կողմից իրականացվող վաճառքները՝ հիմնականում մոմի և այլ կրոնական պարագանների, ինչպես նաև մատուցվող ծիսական ծառայությունները ՀՀ հարկային օրենսդրությամբ ԱԱՀ-ից ազատված գործարքներ են: Ընդ որում, այդ հարկային արտոնությունները սահմանված են ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև բոլոր կրոնական, բարեգործական, հասարակական կազմակերպությունների համար: –  Օրինակ, մոմավաճառությունից ինչու՞ չի վճարվում ԱԱՀ: Դա միայն Հայ առաքելական եկեղեցո՞ւն տրված արտոնություն է: –  Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է՝  կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը ազատված է ԱԱՀ-ից: Հասկանալի է, որ կրոնական ծիսակատարություններ կազմակերպում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին: Մոմավառությունը ծիսական-բարեպաշտական սովորույթ է: Օրինակ, եթե նկատել եք, մոմավաճառություն իրականացվում է եկեղեցիների տարածքում՝ հավատացյալների կարիքների համար: Եկեղեցին չի իրականացնում մոմի կամ այլ պարագաների վաճառք առևտրային կրպակներում կամ վաճառասրահների տաղավարներում: Մոմի, խունկի կամ այլ ծիսապաշտական  պարագաների վաճառքը շահույթ չի ակնկալում: Այսինքն, այդ գործառնությունների համար կատարված ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը, հետևաբար, շահութահարկ չի գոյանում: Մոմի և մյուս պարագաների վաճառքից ստացված եկամուտը ընդհանուր առմամբ, Մայր Աթոռի իրականացրած ծախսերի 10-15 տոկոսն է փակում: Պարզ հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչպե՞ս ենք մեր մյուս ծախսերը փակում: Ավելին կարդալու համար՝ b24.am