Խոզերի ներկրման սահմանափակումներ
Խոզերի ներկրումը Հայաստան առաջիկա վեց ամսվա ընթացքում կսահմանափակվի։ Կառավարության նոր նախագծով նախատեսվում է կիրառել քանակական սահմանափակում ընտանի կենդանիների ներկրման վրա, ըստ որի՝ ՀՀ տարածք կարելի կլինի ներմուծել ոչ ավելի, քան 25 հազար խոզ։ Այս որոշման հիմքում ընկած է այն փաստը, որ ներկրման ծավալները վերջին ամիսներին կտրուկ ավելացել են։ Հունվար-հուլիս ամիսներին ներմուծվել է շուրջ 30 հազար խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն։ Նման աճը կարող է բացասաբար ազդել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների վրա՝ ավելացնելով շուկայի կախվածությունը ներկրումներից և պարենային անվտանգության ռիսկեր ստեղծելով։
Ճանապարհների վերանորոգման պետական աջակցություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կտրամադրվի շուրջ 901 մլն դրամ՝ ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման համար։ Նախատեսվում է վերանորոգել 16 կմ ճանապարհ, որոնցից 1,6 կմ միջպետական նշանակություն ունի, 8 կմ՝ հանրապետական, իսկ 6,4 կմ՝ տեղական։ Ծրագրում ներառված է նաև երեք կամրջի և մեկ հենապատի հիմնանորոգում։
Մեղվաբուծության զարգացման նոր ծրագիր
Կառավարությունը 2025-ին նախատեսում է 12 մլն դրամ հատկացնել մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի իրականացման համար։ Այս նախաձեռնությունը կաջակցի մեղվաբուծության խթանմանը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ չօգտագործվող բնական կերհանդակները կկարողանան ծառայել որպես այլընտրանքային միջոց։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել բնակչությանը՝ ձեռք բերելու 300 մեղվաընտանիք՝ ծախսերի 50%-ի փոխհատուցմամբ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ
Հոկտեմբերին Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած հսկողական միջոցառումների արդյունքում 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ։ Այս խախտումների համար նշանակվել է 8.3 մլն դրամի տուգանք։
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցը
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չի իրականացվում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ թեմայի շուրջ շփումները եղել են միայն հասարակական կազմակերպությունների մակարդակով։
Ճապոնիայի տնտեսական խթանման միջոցառումներ
Ճապոնիան նախատեսում է 141,2 մլրդ դոլար ծախսել աշխատավարձերի բարձրացման և սուբսիդիաների վրա։ Այս միջոցառումները կներառեն նաև սուբսիդիաներ՝ էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը մեղմելու համար։ Ծրագրի իրականացման նպատակով իշխանությունները կդիտարկեն ընթացիկ ֆինանսական տարվա լրացուցիչ բյուջեի ընդունումը։
Չինաստանից Վրաստան ներմուծված ավտոմեքենաներ
Չինաստանից Վրաստան ներմուծված ավտոմեքենաների արժեքն այս տարի կազմել է 32,6 մլն դոլար։ Տարվա տասը ամիսների ընթացքում ներմուծվել է 2,215 մարդատար ավտոմեքենա։ Ամենաթանկ ներմուծումը գրանցվել է մայիսին, երբ միջին գինը գերազանցել է 26 հազար դոլարը, իսկ ամենաէժանը եղել է սեպտեմբերին՝ 11 հազար դոլար միջին գնով։
Tesla-ի շուկայական արժեքի աճը
Tesla-ի բաժնետոմսերի արժեքի կտրուկ աճի արդյունքում ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Tesla-ն միացել է այնպիսի տեխնոլոգիական հսկաներին, ինչպիսիք են Nvidia-ն, Apple-ը, Microsoft-ը, Alphabet-ը, Amazon-ը և Meta-ն։ Միևնույն ժամանակ Իլոն Մասկի անձնական կարողությունն աճել է 30 մլրդ դոլարով՝ հասնելով 300 մլրդի։