Կենտրոնական բանկը վերափոխում է պատժամիջոցների հրապարակման քաղաքականությունը
Կենտրոնական բանկը թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով փոփոխություններ է իրականացրել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների հրապարակման գործընթացում:  Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների համար Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից ֆինանսական կազմակերպության և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հրապարակվելու է հետևյալ տեղեկատվությունը՝ - խախտման հակիրճ նկարագրությունը, - խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի հանրամատչելի նկարագրությունը, - պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը, - կիրառված որոշումների դատական կարգով բողոքարկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ` հստակեցվել են նաև հրապարակումը հետաձգելու հիմքերը. հրապարակումը կարող է հետաձգվել, եթե առկա է հետևյալ հանգամանքներից մեկը` ա. հրապակումը կարող է վտանգել ՀՀ ֆինանսական համակարգի, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների, շուկաների և ենթակառուցվածքների կայունությունը, բ. հրապարակումը կարող է անհամաչափ վնաս պատճառել խախտում թույլ տված ֆինանսական կազմակերպությանը (կազմակերպություններին) կամ վարչական վարույթում ներառված անձին (անձանց), գ. հրապարակումը կարող է վտանգել հանրային շահը: Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում։
 Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ։