Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և Հայաստանի օպերատորների միության հետ համատեղ։
Բացման ժամանակ ելույթ ունեցած փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը նշել է, որ նախաձեռնությունը վկայում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության մասին։
Նրա խոսքով՝ նման հարթակները կարևոր են ոլորտի դերակատարներին համախմբելու, ձեռքբերումներն ամփոփելու և զարգացման առաջնահերթությունները ձևակերպելու համար։
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը և Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչ Նատալյա Մոչուն։
Բացմանը հաջորդել են թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են հեռահաղորդակցության ոլորտի ազգային ձեռքբերումները, օրենսդրական բարեփոխումները և ապագա ծրագրերը։
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ներդրումներին, ենթակառուցվածքների զարգացմանը, տվյալների կենտրոններին, ամպային տեխնոլոգիաներին և արհեստական բանականության դերին։
Նշվել է նաև, որ օպերատորները աստիճանաբար անցում են կատարում դասական կապի ծառայություններից դեպի թվային լուծումներ՝ զարգացնելով 5G տեխնոլոգիաները, իրերի ինտերնետը (IoT) և նոր բիզնես մոդելներ։
«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը նպատակ ունի համախմբել պետական, մասնավոր և տեխնոլոգիական հատվածները՝ ձևավորելու Հայաստանի թվային ապագան։

