Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ից ամբողջությամբ կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգը, որը վերջնականապես կփոխարինի ընտանեկան նպաստների՝ այսօր գործող մոդելին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ ներկայացնելով համակարգային փոփոխությունները։
Հիշեցնենք, որ նոր համակարգի ներդրման շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2024 թվականից, իսկ կառավարության համապատասխան որոշումն ընդունվեց 2025 թվականին։ Մինչ այժմ ծրագիրն իրականացվում էր պիլոտային (փորձնական) ձևաչափով երկու մարզերում՝ Կոտայքում և Սյունիքում։
Բացառող գործոնների վերանայումը
Լուսինե Քոչարյանի խոսքով՝ պիլոտային փուլի ընթացքում վեր հանված խնդիրների և տեխնիկական բացերի հիման վրա կառավարությանն առաջարկվել են նոր փոփոխություններ։ Փորձնական շրջանում գործում էին որոշակի բացառող գործոններ, որոնց պատճառով նպաստի իրական կարիք ունեցող մի շարք ընտանիքներ դուրս էին մնացել համակարգից։ Նոր լրամշակումներով այդ խոչընդոտները վերացվել են, և այդ ընտանիքները նույնպես կստանան անապահովության նպաստ։
Նոր համակարգի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ իրավիճակի գնահատումն իրականացվելու է ավտոմատացված եղանակով՝ թվային համակարգն ամեն ամիս կվերլուծի ընտանիքների տվյալները։
Վարկային պատմություն և երաշխավորություններ
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ հիմնական պատճառը, որով ընտանիքները նախկինում զրկվում էին աջակցությունից, վարկային պարտավորությունները ժամանակին չմարելն էր կամ այլ անձի վարկի համար երաշխավոր հանդիսանալը, ով իր հերթին թերացել էր վճարումներում։
Այժմ մոտեցումը փոխվել է. հաշվի է առնվելու վարկի վաղեմության ժամկետը, ինչպես նաև հստակ սահմանվել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում մարումների բացակայությունը այլևս չի դիտարկվի որպես նպաստ ստանալը բացառող գործոն։
Ուսանողների համար տարիքային սահմանափակման չեղարկումը
Հաջորդ սկզբունքային փոփոխությունը վերաբերում է կրթության ոլորտին։ Եթե նախկինում միայն 18-22 տարեկան ուսանողների համար եկամուտ չէր վերագրվում (ինչը բարձրացնում էր ընտանիքի ընդհանուր մեկնաբանվող եկամուտը և զրկում նպաստից), ապա այժմ տարիքային սահմանափակումն ամբողջությամբ հանվել է։ Անկախ տարիքից, եթե անձը սովորում է կամ որոշել է նոր մասնագիտություն ստանալ ու գտնվում է կրթության փուլում, նրան եկամուտ չի վերագրվի։

