Մշակողների համաշխարհային համաժողովի (WWDC) ժամանակ Apple-ը նախադիտել է իր օպերացիոն համակարգերի սպասվող թողարկումները, որոնք կբերեն հաջորդ սերնդի Apple Intelligence-ը և կներկայացնեն Siri AI-ն՝ բոլորովին նոր, անհամեմատ ավելի խելացի, բազմակողմանի զարգացած և կայացած Siri-ն։
Այս թողարկումները նաև ներառում են հզոր ու պարզ գործիքներ, որոնք կօգնեն ծնողներին ստեղծել անվտանգ թվային միջավայր երեխաների համար։ Բացի այդ, ներկայացված բարելավումները նոր մակարդակի են բարձրացնում Apple-ի արտադրանքների դիզայնն ու արտադրողականությունը՝ դարձնելով դրանք ավելի արագագործ, հաճելի և հեշտ օգտագործման համար iOS 27, iPadOS 27, macOS 27, watchOS 27, visionOS 27 և tvOS 27 համակարգերում։
«Apple-ի արտադրանքները մարդկանց կյանքի անբաժանելի մասն են, և այս տարի մենք ներդնում ենք հզոր նոր հնարավորություններ՝ մեր օգտատերերին էլ ավելի մեծ ազատություն տալու համար», — նշել է Apple-ի Ծրագրային ապահովման մշակման գծով ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին: — «Մենք մեր բոլոր հարթակներում ներդնում ենք հաջորդ սերնդի Apple Intelligence-ը, ներկայացնում ենք Siri AI-ն, որն անհամեմատ ավելի խելացի է ու բանիմաց, ընդլայնում ենք երեխաների անվտանգության գործիքները ընտանիքների համար և մեր համակարգերը դարձնում ավելի արագ, հուսալի ու հաճելի, քան երբևէ»:
Apple Intelligence-ի հաջորդ սերունդը և Siri-ի բոլորովին նոր հնարավորությունները
Հիմնվելով օգտատերերի գաղտնիության պաշտպանության համար հատուկ մշակված նորագույն ճարտարապետության վրա՝ հաջորդ սերնդի Apple Intelligence-ն ապահովում է Siri AI-ի աշխատանքը և օգտակար նոր գործառույթներ բերում այն հավելվածներին, որոնցից մարդիկ օգտվում են ամեն օր:
Անձնական համատեքստի ընկալում․ Siri AI-ն ամբողջությամբ ինտեգրված է iPhone-ի, iPad-ի, Mac-ի, Apple Watch-ի և Apple Vision Pro-ի մեջ: Այն կարող է վերլուծել անձնական համատեքստը՝ հաղորդագրություններում, էլեկտրոնային նամակներում, լուսանկարներում և այլուր որոնումներ կատարելու համար, ինչպես նաև գործողություններ կատարել տարբեր հավելվածներում:
Էկրանի բովանդակության ճանաչում և համացանցային որոնում․ Siri AI-ն կարող է պատասխանել օգտատիրոջ էկրանին պատկերված բովանդակությանը վերաբերող հարցերին կամ օգտվել համաշխարհային գիտելիքների բազայից և համացանցից՝ թարմ տեղեկություններ ստանալու և սպառիչ պատասխան ձևավորելու համար:
Siri-ի հատուկ հավելված․ Առանձին հավելվածը թույլ է տալիս օգտատերերին մեկ տեղում վերանայել անցած երկխոսությունները կամ սկսել նորը, իսկ iCloud-ի միջոցով խոսակցությունների պատմությունը գաղտնի կերպով համաժամեցվում է օգտատիրոջ բոլոր սարքերում:
Apple Intelligence-ը նաև հզորացնում է համակարգային այլ հավելվածներ՝ պարզեցնելով առօրյա գործողությունները, ինչպիսիք են՝ լուսանկարների խմբագրումը Photos-ում, բազմաթիվ ներդիրների դիտումը Safari-ում, ստեղծագործական մտքերի արտահայտումը Image Playground-ում, ինչպես նաև հաղորդակցությունը Messages-ում ու Mail-ում:
Նոր ծնողական վերահսկողություն և «Էկրանային ժամանակի» (Screen Time) կարևոր թարմացումները
Պարզ և հզոր նոր գործառույթները օգնում են ծնողներին կառավարել, թե ինչ են դիտում իրենց երեխաները, ում հետ են խոսում և երբ ունեն հասանելիություն հավելվածներին:
Երեխայի հաշվի հեշտ կարգավորում․ Ստեղծելով երեխայի հաշիվ (Child Account)՝ ծնողները կարող են անմիջապես ակտիվացնել տարիքին համապատասխան պաշտպանություն: Setup Assistant-ի միջոցով հնարավոր է ընտրել հասանելի հավելվածները և վերահսկել նորերի ավելացումը:
Հաղորդակցության անվտանգություն․ Ծնողները կարող են պահանջել հաստատում յուրաքանչյուր նոր կոնտակտի համար, որի հետ երեխան փորձում է կապ հաստատել, ինչպես նաև միացնել ավտոմատ արգելափակումը, եթե կիսվում է բացահայտ կամ բռնի բովանդակություն:
Առողջ թվային սովորույթներ․ Հեշտությամբ կարելի է սահմանել օրական ժամանակային սահմանափակումներ Ժամանցային (Entertainment), Խաղային (Games) և Սոցիալական մեդիա (Social Media) հավելվածների համար: Այս սահմանափակումների հիմքում ընկած են կլինիկական և մանկական զարգացման առաջատար փորձագետների հանձնարարականները:
Օրվա ժամանակացույցեր․ Ծնողները կարող են որոշել, թե որ հավելվածներն են հասանելի օրվա տարբեր ժամերին (օրինակ՝ «Դպրոց» (School) ռեժիմը՝ առավոտյան 8:30-ից մինչև ցերեկը 15:00-ն): Screen Time-ի նորացված դիզայնը հնարավորություն է տալիս մեկ հայացքով տեսնել սարքի օգտագործման միջին ժամանակը և ամենաշատ օգտագործվող հավելվածները:
Apple-ը նաև գործարկել է հատուկ վեբկայք՝ ծնողներին անհրաժեշտ գործիքներով, օգտակար ռեսուրսներով և հաճախ տրվող հարցերի պատասխաններով ապահովելու համար:
Ավելի արագագործ, հուսալի և տպավորիչ հարթակներ
2027 թվականի թողարկումները Apple-ի արտադրանքները դարձնում են ավելի արագագործ և հուսալի՝ շնորհիվ դիզայնի նրբերանգների, արտադրողականության աճի և հաղորդակցության ու առողջության հետևման նոր գործիքների:
Արտադրողականության ցուցանիշներ․
iPhone և iPad հավելվածները բացվում են մինչև 30%-ով ավելի արագ:
Լուսանկարները նկարահանվելուց հետո բեռնվում են մինչև 70%-ով ավելի արագ:
AirDrop փոխանցումները մինչև 80%-ով ավելի արագ են:
Բջջային կապի և Wi-Fi ցանցերի միջև անցումներն այժմ աննկատ են:
iPad-ի և արտաքին կրիչների միջև ֆայլերի փոխանցումը մինչև 5 անգամ ավելի արագ է՝ հասնելով Mac-ի Finder-ի արագությանը:
Spotlight, Photos և Mail հավելվածների որոնման համակարգը հիմնովին վերափոխվել է, իսկ Mail-ի նոր դասակարգման ալգորիթմը «Top Hits» բաժնում ցուցադրում է առավել համապատասխան նամակները:
Դիզայնի թարմացումներ․
Liquid Glass-ի անհատականացում․ Կարգավորումների նոր սահնակը թույլ է տալիս փոխել էկրանի էֆեկտը՝ ամբողջովին թափանցիկից մինչև լիարժեք երանգավորված:
Հավելվածների պատկերակները (icons) դարձել են ավելի հստակ ու ընդգծված։
Mac-ում վերադարձել են օգտատերերի կողմից սիրված դասական էլեմենտները՝ հավելվածների վերևի միասնական գործիքագոտին (toolbar), կողային պանելները (sidebars) և գունավոր պատկերակները:
Այլ ֆունկցիաներ, որոնք հասանելի կլինեն այս աշնանը․
iCloud Shared Albums․ Ներդրվում է լուսանկարների միջհարթակային փոխանակում՝ բարձր որակի (full-resolution) աջակցությամբ։
Health (Առողջություն)․ Դաշտանային ցիկլի հետևման բաժնում (Cycle Tracking) ավելացել է պերիմենոպաուզայի և մենոպաուզայի աջակցությունը, ներառյալ՝ ծանուցումները ցիկլի շեղումների մասին:
Apple Watch․ Հավելվածների նոր դինամիկ ցանցը ցույց է տալիս Siri-ի կողմից առաջարկված հինգ հավելվածների պատկերակները: Օգտատերերը կարող են բացել Smart Stack-ի վիջեթը նոր հպման ժեստով, իսկ նոր Find My հավելվածը մեկ տեղում միավորում է սարքերի, իրերի և մարդկանց որոնումը:
AirPods․ Օգտատերերը կարող են կարգավորել անհատական էկվալայզերը (custom EQ)։ Իսկ Apple GymKit-ի ընդլայնված հնարավորությունների շնորհիվ AirPods Pro 3-ի օգտատերերը կարող են համաժամեցնել սրտի զարկերի տվյալները iPhone-ի հետ:
Apple Vision Pro․ Օգտատերերն այժմ կարող են պանորամային լուսանկարները վերածել տարածական տեսարանների (spatial scenes) և օգտագործել դրանք որպես անձնական միջավայր (Environments), իսկ Wi-Fi-ին միանալն արագացել է մինչև 3 անգամ:
Apple Maps․ Ներկայացնում է բարելավված Flyover ռեժիմը, որը համատեղում է օդային լուսանկարները արհեստական բանականության հետ՝ ապահովելով էլ ավելի մանրամասն պատկերներ:

