ABNews

Իլոն Մասկի թռչող մեքենան՝ տեխնոլոգիական թռիչք, թե՞ շոու

Բրենդներ և շուկա | 2026/10/23 15:51

Իլոն Մասկի թռչող մեքենան՝ տեխնոլոգիական թռիչք, թե՞ շոու

Թռչող մեքենաները սարերի հետևում չեն, եթե, հավատանք Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկին։

Անցյալ շաբաթ նա ներկայացրեց երկար սպասված Roadster-ը՝ բավականին յուրօրինակ ձևով․ մեքենան բարձրացավ թեքահարթակի վրա, օդում շրջվեց գլխիվայր, ապա սառը վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների շնորհիվ սավառնեց օդում և վայրէջք կատարեց։ Մի քանի րոպե անց մեկ այլ Roadster օդ բարձրացավ և ռեակտիվ թռիչքով թռավ Tesla-ի վեց մեքենաների, այդ թվում՝ Semi մոդելի բեռնատարի վրայով։

Անշուշտ, Roadster-ը կարողանում է «թռչել», և անհնար է ժխտել, որ ցուցադրական հնարքը տպավորիչ էր։ Սակայն բազմաթիվ լուրջ հարցեր են առաջանում․ օրինակ՝ արդյո՞ք կարգավորող մարմինները երբևէ թույլ կտան այս մեքենային երթևեկել ճանապարհներով, էլ չենք խոսում օդային տարածքի մասին, գրում է Futurism-ը։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք ցուցադրության ժամանակ օգտագործված մեքենաները որևէ ընդհանուր բան ունե՞ն այն վերջնական ապրանքի հետ, որը, ի վերջո, կհայտնվի շուկայում։

Ի՞նչ է թաքնված «հրթիռային» մոդելի տակ

Tesla-ից հայտնում են, որ Roadster-ի «Rocket» (Հրթիռային) տարբերակը համալրված է 600 լիտր ծավալով սեղմված օդի բալոններով, սառը գազով աշխատող 10 ուղղորդված հրթիռային փողանցքերով և հատակի հատվածում տեղադրված հզոր քաշող վենտիլյատորային համակարգով։ Այս ողջ սարքավորումը տեղավորելու համար ընկերությունը ստիպված է եղել հեռացնել ուղևորի նստատեղը։

Սակայն որոշ փորձագետներ կասկածում են, որ մեքենան ավելի շատ է ձևափոխվել ու թեթևացվել․ հնարավոր է՝ այն նույնիսկ չունի լիարժեք մարտկոց, որպեսզի ինժեներները կարողանային խնայել տարածքն ու առավելագույնս նվազեցնել քաշը։

Միևնույն ժամանակ, օդում գտնվելու ընթացքում արված լուսանկարները ցույց են տալիս, որ մեքենայի ստորին հատվածը բավականին դատարկ է, և դրանում չի երևում հայտարարված քաշող վենտիլյատորը։ Սա ավելի է թեժացրել կասկածները, որ Tesla-ին դեռևս չի հաջողվել լիովին միավորել այն բոլոր հնարավորությունները, որոնք ներկայացվում են թղթի վրա։ Սկեպտիկները պնդում են, որ այն մեքենան, որը թեքահարթակի վրա գլխիվայր կախվեց ու մեղմ վայրէջք կատարեց, հագեցած է եղել բոլորովին այլ տեխնիկայով, քան նա, որը թռավ մյուս մեքենաների վրայով։

Առաջանում են նաև պրակտիկ հարցեր․ առանց լիարժեք մարտկոցի, այս մեքենան պարզապես ունակ չէր լինի սովորական երթևեկություն իրականացնել ճանապարհներին, նույնիսկ եթե դրա համար օրենսդրական թույլտվություն լիներ։

«Սա պարզապես մարքեթինգային հնարք է»

Roadster-ի օդային ակրոբատիկան քննադատել է նաև հայտնի համակարգչային գիտնական, արհեստական բանականության «կնքահայրերից» մեկը՝ Յան Լեկունը (Yann LeCun)։ Նա կասկածի տակ է դրել ցուցադրության իսկությունը՝ այն անվանելով «մարքեթինգային հնարք»։

«Նույնիսկ եթե ենթադրենք, որ մեքենայի զանգվածի 50%-ը սեղմված օդն է, դա ձեզ տալիս է 10 վայրկյանից էլ պակաս արդյունավետ հրող ուժ (1.0-ից բարձր ուժ-քաշ հարաբերակցությամբ)։ Իրականում, թերևս, ընդամենը 5 վայրկյան», — գրել է նա X սոցիալական ցանցում։ — «Այնպես որ, մեքենան, ամենայն հավանականությամբ, դատարկ, թեթևացված թաղանթ է, որի մեջ տեղադրված են սեղմված օդի մեծ բալոններ։ Սիրուն ցուցադրություն է, բայց լիովին անգործնական»։

Թատերականացված ու որոշ չափով մոլորեցնող ցուցադրությունները Tesla-ի համար նորություն չեն։ 2016 թվականին ընկերությունը ցնցեց աշխարհը գովազդային տեսանյութով, որտեղ ինքնավար ղեկավարվող մեքենան սահուն երթևեկում էր հանրային ճանապարհներով և կանոնավոր կանգ առնում կարմիր լույսի տակ։ Մասկն այն ժամանակ հպարտորեն հայտարարում էր, որ դա հստակ ապացույց է, թե «Tesla-ն ինքն է վարում»։ Սակայն ավելի ուշ ընկերության ինժեներները խոստովանեցին, որ ողջ տեսանյութը բեմադրված էր։

Նմանատիպ իրավիճակ էր նաև 2024 թվականին տեղի ունեցած «We, Robot» շքեղ միջոցառման ժամանակ, երբ Tesla-ն փորձում էր տպավորել ներդրողներին իր Optimus մարդանման ռոբոտներով։ Ռոբոտները խմիչքներ էին լցնում, պարում բեմում և զրուցում հյուրերի հետ։ Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ դրանք ինքնավար «C-3PO»-ներ չեն․ բոլոր ռոբոտներն իրականում հեռակառավարվում էին կուլիսներում գտնվող մարդկանց կողմից։

Ամեն դեպքում, թե ինչ է իրականում ցուցադրել Մասկն այս անգամ, ստուգելն անհնար է․ Tesla-ն դեռևս թույլ չի տալիս հանրությանը, այդ թվում՝ լրագրողներին, մոտիկից ուսումնասիրել Roadster-ի թաքնված տեխնիկան։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը