ABNews

Signal-ը արգելափակում է սքրինշոթները սմարթֆոններում. պատճառը ԱԲ-ի «գոյաբանական սպառնալիքն» է

Բրենդներ և շուկա | 2026/11/22 18:05

Signal-ը արգելափակում է սքրինշոթները սմարթֆոններում. պատճառը ԱԲ-ի «գոյաբանական սպառնալիքն» է

Ուրբաթ օրը Signal-ը հայտարարեց, որ սահմանափակում է հավելվածի ներսում էկրանի պատկերը լուսանկարելու (սքրինշոթ անելու) հնարավորությունը, գրում է TechCrunch-ը։ Հավելվածի նախագահ Մերեդիտ Ուիթաքերի խոսքով՝ սա պատասխան քայլ է այն «գոյաբանական սպառնալիքին», որն առաջանում է, երբ օպերացիոն համակարգերում ներդրվում են ինքնուրույն գործող ԱԲ գործակալներ (agentic AI)։

Ուիթաքերը նշել է, որ թույլ տալով ԱԲ գործակալներին «կարդալ» ու վերլուծել օգտատերերի էկրանների պարունակությունը՝ Windows-ը, Android-ը և macOS/iOS-ը «զրկում են Signal-ին գաղտնիությունն ինքնուրույն երաշխավորելու հնարավորությունից»։

«Այսօր, հանուն ԱԲ գործակալների աշխատանքի, ձեր անձնական ու զգայուն տվյալները ֆիքսվում են, պահպանվում և հասանելի դառնում այն տեղային բազային կամ հեռակա սերվերին, որին տվյալ պահին միացած է համակարգային ԱԲ գործակալը,— ընդգծել է նա։ — Հենց որ այդ տվյալները դուրս են գալիս էկրանից, ամեն ինչ դառնում է անվերահսկելի Signal-ի համար, և վտանգվում է զրույցի բոլոր մասնակիցների գաղտնիությունը»։

Signal-ը նման վտանգները կանխելու փորձ արդեն արել էր՝ լռելյայն արգելափակելով սքրինշոթները Windows-ի իր տարբերակում։ Այժմ նույն սահմանափակումը ներդրվում է նաև Android և iOS համակարգերում։

Այնուամենայնիվ, օգտատերերը ցանկության դեպքում կարող են անջատել այս պաշտպանությունը, թեև, ըստ Ուիթաքերի, դա «կզրոյացնի գաղտնիության մեր երաշխիքները»։ Նա նաև խոստովանել է, որ այս քայլը լիարժեք լուծում չէ, քանի որ չի փակում այն «ավելի նենգ ու թաքնված ուղիները», որոնցով ԱԲ գործակալները կարող են մուտք գործել հավելվածի տվյալներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը