Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Էդիտա Գզոյանը ԱՄՆ փոխնախագահին և նրա տիկնոջը ուղեկցել է հուշահամալիրի տարածքով՝ ներկայացնելով դրա ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը։
Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրել է նաև Հուշապատը, որի հետնամասում ամփոփված են 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում թուրքական կառավարության կողմից իրականացված հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ բողոք բարձրացրած օտարազգի հասարակական ու քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լցված սափորները։
Էդիտա Գզոյանը հատուկ անդրադարձել է Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեությանը՝ ընդգծելով, որ նրանց աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը վաղուց տեղեկացված էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածների մասին, իսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին։
Նա անդրադարձել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված խաչքարերին՝ նվիրված Ադրբեջանի Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ) և Բաքվի հայերի կոտորածների զոհերի հիշատակին, ինչպես նաև Արցախյան գոյամարտի տարիներին զոհված ազատամարտիկներին՝ շեշտելով պատմական շարունակականության կապը Հայոց ցեղասպանության հետ։
Այցի ավարտին Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ նշելով.
«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»։
Այցի համար շնորհակալություն հայտնելով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ԱՄՆ փոխնախագահին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի վերաբերյալ գրքեր։

