ՀՀ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է TRIPP («Թրամփի տարածաշրջանային ենթակառուցվածքների և խաղաղության ծրագիր») նախագծի ենթակառուցվածքային մանրամասները։ Փոխվարչապետի փոխանցմամբ՝ երկաթգծի կառուցման համար օգտագործվելու է խորհրդային ժամանակներից գործածված 42 կմ երկարությամբ տարածքը, որն անցնում է Արաքս գետի հարևանությամբ՝ սահմանային շերտով և գոտիներով, ուստի այդ լոտի վրա որևէ մասնավոր հող գոյություն չունի։
Ինչու է դա կարևոր. Հայաստանի հարավային տրանսպորտային ուղիների վերականգնումը տարածաշրջանային ապաշրջափակման և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանցքային մասն է։ Մինչ երկաթգծի ուղեգիծն արդեն հստակեցված է, ավտոճանապարհի մասով որոշակիություն դեռ չկա, քանի որ այն պետք է համապատասխանի տարածաշրջանային բարձր չափանիշներին, որպեսզի լինի մրցունակ։
TRIPP-ի ենթակառուցվածքային ուղղությունները.
Երկաթգիծ.
Երկարությունը. 42 կմ։
Տեղակայումը. Խորհրդային նախկին երկաթգծի տարածքով, Արաքս գետի երկայնքով։
Հողային հարցեր. Մասնավոր հողեր չկան, անցնում է բացառապես սահմանային գոտիով։
Ավտոճանապարհ. Տեխնիկական պարամետրերն ու ուղեգիծը դեռ որոշման փուլում են, քանի որ պահանջվում է տարածաշրջանային մակարդակի մրցունակ ճանապարհային ենթակառուցվածք։
Էներգետիկ հաղորդալարեր. Կան լայն հնարավորություններ, սակայն դրանք պետք է սինխրոնացվեն Ադրբեջանից եկող ենթակառուցվածքների և լարային կապերի հետ, ինչը պահանջում է լրացուցիչ տեխնիկական հաշվարկներ։


