2025-ին կայացվեց որոշում, համաձայն որի՝ այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երևանի <<Զվարթնոց>> կամ Գյումրիի <<Շիրակ>> օդանավակայաններում և նոր ուղղություններից փոխադրումներ կիրականացնեն վերոնշյալ օդանավակայաններ այն պայմանով, որ 1 նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի <<Շիրակ>> օդանավակայանից, այդ ավիաընկերությունների համար 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորների մասով տեղափոխումը դեպի Երևանի <<Զվարթնոց>> օդանավակայան 1 անձի հաշվարկով կսուբսիդավորվի 20 հազար դրամով, դեպի Գյումրիի <<Շիրակ>> օդանավակայան՝ 15 հազար դրամով:
Այդ մասին Կառավարության որոշումը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հիշեցրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ապա ներկայացրեց 2026 թվականի համար այդ մասով բյուջետային հատկացումները:
2026 թվականի պետական բյուջեում առաջին անգամ 3 մլրդ դրամ գումար է հատկացվել այս սուբսիդավորումն իրականացնելու համար:
Ծրագիրը բաց է բոլոր ավիաընկերությունների համար՝ առանց բացառության, որոնք կկատարեն այդ պայմանները՝ մասնավորապես, բազավորման, նոր ուղղությունների և Գյումրիի <<Շիրակ>> օդանավակայանից թռիչք ունենալու մասով, ասել է նախարարը:

