Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը. ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը

Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայ կինոյի օրվա կապակցությամբ։

«Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։

Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։

Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով այնպիսի կինոկտավներ, որոնք հեղինակավոր տարբեր հարթակներում արժանանում են մրցանակների՝ ապացուցելով հայ կինոյի ստեղծարար ներուժի մրցունակությունը:

Հայ կինոյի օրը հրաշալի առիթ է նաև կարևորելու մեր կինոժառանգությունը, երախտագիտությամբ հիշելու մեր մեծանուն կինոգործիչներին, որոնք իրենց տաղանդով և նվիրումով հիմք են դրել ազգային կինոյի զարգացմանը, ինչպես նաև գնահատելու մեր օրերի ստեղծագործողներին, որոնք նոր շունչ ու ժամանակակից մտածողություն են բերում կինեմատոգրաֆիայի աշխարհ։

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր գաղափարները, միջազգային համագործակցությունը և երիտասարդ տաղանդների առաջխաղացումը։ Դրա վառ ապացույցներն են  իրականացվող հիմնային բարեփոխումները: Առանձնակի հիշատակման են արժանի ներդրումների մասնակի վերադարձի, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲ ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու որոշումները: Սրանք նոր ուղի են բացում կինեմատոգրաֆիայի պատմության մեջ՝ լավագույն հեռանկարների խոստումով:

Պետք է ընդգծել, որ ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագրով ներկայացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը հաստատվել է: Նախարարության դրամական խրախուսման ծրագրով միայն 2025 թ. հայ կինոգործիչները մասնակցել են 17 միջազգային հեղինակավոր կինոփառատոների, իսկ միջազգային հարթակներին մասնակցության ծախսերի փոխհատուցմամբ՝ 16 ստեղծագործողի տրամադրվել է աջակցություն 11 միջազգային կինոհարթակների մասնակցության համար:

Կինոաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ, լեցուն դահլիճներ և նորանոր հաղթանակներ։ Համոզված եմ՝ դուք դեռ շատ ասելիք ունեք՝ նոր սցենարներով ու ֆիլմերով։

Շնորհավո՛ր Հայ կինոյի օր։