ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր:

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Ա.Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին:

Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից:

Ս.Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր: