Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է Global Financial Innovation Network (GFIN) նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել ֆինանսական կարգավորման կարողությունները և խթանել ոլորտում նորարարությունները միջազգային համագործակցության միջոցով։
GFIN-ը համագործակցային հարթակ է, որը միավորում է տարբեր երկրների ֆինանսական վերահսկիչ կառույցներին։ Այն նպաստում է նորարարական գիտելիքների փոխանակմանը, ավանդական և զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողական արդյունավետ մեթոդների ստեղծմանը, ինչպես նաև ֆինանսական ներառականությանն ու կայունությանը։
Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ GFIN-ին միանալը ստեղծում է մի շարք ռազմավարական հնարավորություններ․
- Նորարարությունների խթանում՝ նվազագույն ռիսկով. ԿԲ-ն կմասնակցի «sandbox» նախագծերին՝ նոր ֆինանսական տեխնոլոգիաները փորձարկելով վերահսկվող միջավայրում։
- Մուտք միջազգային փորձին. ԿԲ մասնագետները կարող են օգտվել առաջատար երկրների կարգավորող փորձից՝ ադապտացնելով հաջողված մոդելները հայաստանյան շուկայի համար։
- Աշխարհագրական համակարգման հարթակ. GFIN-ը հնարավորություն է տալիս համակարգված մոտեցում ցուցաբերել միջազգային բնույթի խնդիրների լուծմանը։
- Ռիսկերին դիմակայելու կարողություն. ԿԲ-ն ձեռք կբերի գործիքակազմ՝ կիբեռսպառնալիքներին, տվյալների չարաշահումներին ու ֆինանսական խախտումներին կանխարգելիչ պատասխան տալու համար։
- Մասնագիտական կարողությունների զարգացում. Կենտրոնական բանկի աշխատակիցները կմասնակցեն միջազգային սեմինարների ու վերապատրաստումների՝ հատկապես SupTech-ի և նորարարական ֆինանսների ոլորտներում։
Այս անդամակցությունը մեկ քայլ առաջ է՝ Հայաստանի ֆինանսական համակարգի թվային ու անվտանգ զարգացման ճանապարհին։

