ԱՄՆ-ում խոշոր երաժշտական հրատարակիչները, որոնք կապված են Sony Music-ի և Warner Music-ի հետ, դատական հայց են ներկայացրել արհեստական բանականության ոլորտում գործող Anthropic ընկերության դեմ՝ մեղադրելով նրան հեղինակային իրավունքով պաշտպանված տասնյակ հազարավոր երաժշտական ստեղծագործություններն առանց թույլտվության օգտագործելու մեջ։
Հայցվորների պնդմամբ՝ Anthropic-ը առանց հեղինակների և իրավատերերի համաձայնության պատճենել է երաժշտական ստեղծագործություններ և օգտագործել դրանք իր արհեստական բանականության մոդելների ուսուցման գործընթացում։ Երաժշտական հրատարակիչները կատարվածը բնութագրում են որպես մտավոր սեփականության պատմության մեջ «ամենախոշոր և ամենակոպիտ գողություններից մեկը»։ Այդ մասին հայտնում է Axios-ը։
Հայցում նշվում է, որ իրավատերերը յուրաքանչյուր օգտագործված ստեղծագործության համար կարող են պահանջել մինչև 150 հազար դոլարի փոխհատուցում։ Եթե դատարանը բավարարի այդ պահանջները, ընդհանուր ֆինանսական պարտավորությունը կարող է հասնել միլիարդավոր դոլարների։
Գործը բարդանում է նաև երաժշտական ստեղծագործությունների նկատմամբ գործող իրավունքների բազմաշերտությամբ։ Մեկ երգի դեպքում կարող են առանձին պաշտպանված լինել երաժշտությունը, բառերը և կոնկրետ ձայնագրությունը։ Հետևաբար նույն ստեղծագործության օգտագործումը կարող է առաջացնել մի քանի իրավական պահանջների հիմք։
Anthropic-ը ներկայացված մեղադրանքները չի ընդունում և հայտարարել է, որ պատրաստվում է իր դիրքորոշումը պաշտպանել դատարանում։
Սա Anthropic-ի դեմ հեղինակային իրավունքների հետ կապված առաջին խոշոր դատական վեճը չէ։ 2025 թվականին ընկերությունը մեկ այլ գործի շրջանակում համաձայնել էր վճարել մոտ 1,5 միլիարդ դոլար՝ հեղինակներին և հրատարակիչներին փոխհատուցելու համար՝ հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունները արհեստական բանականության մոդելների ուսուցման նպատակով օգտագործելու հետ կապված վեճի արդյունքում։


