Տասնյակ խանութներ, ցուցափեղկերին փակցված մինչև 70-80 տոկոս զեղչերի խոստումներ, առևտրի կենտրոններում մարդկանց հոսք, իսկ առցանց հարթակներում՝ հաշված ժամերի ընթացքում ավարտվող ակցիաներ։ Նոյեմբերի վերջին աշխարհը կարծես հայտնվում է գնումների համընդհանուր տենդի մեջ։ «Սև ուրբաթը»՝ Black Friday-ը, վաղուց արդեն պարզապես զեղչերի օր չէ․ այն վերածվել է համաշխարհային առևտրային իրադարձության, որը միավորում է միլիոնավոր սպառողների, հսկայական շրջանառություն ապահովում բիզնեսի համար և միաժամանակ հարցեր առաջացնում սպառողական վարքագծի, իրական զեղչերի ու գերսպառման վերաբերյալ։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում հերթական անգամ մեկնարկել է տարվա ամենասպասված առևտրային ակցիաներից մեկը։ Սակայն քչերը գիտեն, որ «Սև ուրբաթ» անվանումը սկզբնապես ոչ մի կապ չի ունեցել շահույթի, զեղչերի կամ գնումների տոնի հետ։ Ավելին՝ դրա պատմությունը սկսվել է փողոցային քաոսից, խցանումներից ու ոստիկանների արտաժամյա աշխատանքից։
Ինչպես սկսվեց ամեն ինչ

«Սև ուրբաթի» պատմությունը տանում է ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա, 1950-ականներ։ Գոհաբանության օրվան հաջորդող ուրբաթը քաղաքում իսկական փորձություն էր ոստիկանների համար։ Հազարավոր մարդիկ արվարձաններից ժամանում էին քաղաք՝ նախատոնական գնումներ կատարելու և հաջորդ օրը կայանալիք բանակային-նավատորմային ավանդական ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու նպատակով։
Արդյունքում փողոցները լցվում էին մեքենաներով ու մարդկանցով, առաջանում էին խցանումներ, ավելանում էին ճանապարհատրանսպորտային պատահարներն ու խանութներից գողությունները։ Ոստիկանները ստիպված էին աշխատել արտաժամյա՝ առանց հանգստյան օրվա հնարավորության։ Հենց նրանք էլ այդ ծանր ու խառնաշփոթ օրն անվանել էին «Սև ուրբաթ»։
Առևտրականներին, սակայն, անվանումը դուր չէր գալիս։ Նրանք փորձում էին ազատվել դրա բացասական իմաստից։ 1961 թվականին նույնիսկ առաջարկվեց այն փոխարինել «Մեծ ուրբաթ»՝ Big Friday անվամբ, սակայն նախաձեռնությունը հաջողություն չունեցավ։
Իսկ 1980-ականներին ձևավորվեց այն բացատրությունը, որը հետագայում դարձավ «Սև ուրբաթի» ամենահայտնի առևտրային լեգենդը։
Ըստ այդ վարկածի՝ հաշվապահական հաշվառման մեջ վնասները նշվում են կարմիր, իսկ շահույթը՝ սև գույնով։ Ենթադրվում էր, որ հենց այս օրը խանութներն իրենց վաճառքների շնորհիվ վնասներից անցնում են շահույթի։ Այս բացատրությունը տարածվեց ամբողջ երկրում՝ օգնելով «Սև ուրբաթին» ձեռք բերել դրական առևտրային նշանակություն։
Ի դեպ, պատմության մեջ հիշատակվում է նաև 1869 թվականի սեպտեմբերի 24-ի «Սև ուրբաթը»․ այդ օրը երկու ֆինանսիստների՝ ոսկու շուկան մենաշնորհելու փորձը հանգեցրեց ֆինանսական լուրջ ճգնաժամի։ Սակայն այդ իրադարձությունը որևէ կապ չունի ժամանակակից զեղչային փառատոնի հետ։
Մեկ օր, միլիարդավոր դոլարներ և սպառողական մեծ մրցավազք

Տասնամյակների ընթացքում «Սև ուրբաթը» դուրս է եկել իր սկզբնական սահմաններից։ Այն դարձել է մանրածախ առևտրի կարևորագույն ժամանակահատվածներից մեկը, իսկ շատ ընկերությունների համար՝ տարվա եկամուտների ձևավորման առանցքային շրջան։
Նոյեմբերի վերջից մինչև Սուրբ Ծնունդ ընկած ժամանակահատվածում մի շարք մանրածախ ընկերություններ ապահովում են իրենց տարեկան վաճառքների զգալի մասը։ Ակցիաների շրջանակում զեղչվում են էլեկտրոնիկան, կենցաղային տեխնիկան, հագուստը, կոսմետիկան, խաղալիքները և բազմաթիվ այլ ապրանքներ։
Սկզբնական շրջանում սպառողները գիշերվանից հերթ էին կանգնում խանութների մուտքերի մոտ՝ սահմանափակ քանակությամբ ապրանքներ ձեռք բերելու համար։ Երբեմն այդ մրցավազքն ուղեկցվում էր հրմշտոցներով և նույնիսկ բախումներով։
Այսօր իրավիճակը փոխվել է։ Գնումների զգալի մասն իրականացվում է առցանց։ Amazon-ի, Walmart-ի և այլ հարթակների շնորհիվ զեղչերը հաճախ սկսվում են դեռևս պաշտոնական օրվանից առաջ և շարունակվում մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ։
«Սև ուրբաթին» հաջորդում է նաև «Կիբեր երկուշաբթին»՝ Cyber Monday-ը, որի հիմնական շեշտը դրված է առցանց գնումների վրա։
Այս փոփոխությունը բավական դիպուկ է բնութագրել Walmart-ի գործադիր տնօրեն Դուգլաս Մաքմիլոնը.
«Սև ուրբաթը» մեկ օրից վերածվել է մի ամբողջ սեզոնի։ Հաճախորդներն այլևս չեն ցանկանում սպասել միայն մեկ ուրբաթի, նրանք ուզում են զեղչեր ստանալ իրենց հարմար ժամանակ և իրենց հարմար ձևով՝ առցանց կամ խանութում։
Ինչպե՞ս է «Սև ուրբաթը» նշվում Հայաստանում
Հայաստանում «Սև ուրբաթը» լայն տարածում է ստացել հատկապես 2010-ականների կեսերից։ Եթե սկզբնական շրջանում այն հիմնականում սահմանափակվում էր առանձին խանութների զեղչային առաջարկներով, ապա այսօր վերածվել է լայնածավալ առևտրային արշավի։
Հայաստանյան շուկայում ձևաչափը որոշակիորեն տարբերվում է ամերիկյանից։ Այստեղ շատ խանութներ ակցիաները չեն սահմանափակում միայն ուրբաթով․ զեղչերը կարող են շարունակվել ամբողջ շաբաթավերջին կամ նույնիսկ ավելի երկար։
Առավել մեծ պահանջարկ ունեն կենցաղային տեխնիկան, էլեկտրոնիկան, հագուստը, կոսմետիկան և առցանց գնումների հարթակները։ Ակցիաներին միանում են նաև բանկերը՝ առաջարկելով քեշբեք, ապառիկի հատուկ պայմաններ և այլ ֆինանսական գործիքներ։ Առանձին առաջարկներ են ներկայացնում նաև տուրիստական ընկերություններն ու ծառայություններ մատուցող կազմակերպությունները։
Սակայն հայաստանյան սպառողների համար «Սև ուրբաթը» միայն մատչելի գնումների հնարավորություն չէ։ Այն նաև կեղծ կամ արհեստական զեղչերի մասին քննարկումների շրջան է։
Հաճախ բարձրացվում է այն հարցը, թե որքանո՞վ են հայտարարված զեղչերն իրական, արդյոք ապրանքի գինը նախապես չի բարձրացվել՝ այնուհետև մեծ տոկոսով իջեցված ներկայացնելու համար։
Այս խնդրի վերահսկողության հարցում կարևոր դեր ունի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, որն իրականացնում է շուկայի մշտադիտարկում և կարող է միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ։
Սպառողների համար, հետևաբար, կարևոր է ոչ թե պարզապես տեսնել մեծ տոկոսով զեղչի ցուցանակը, այլ համեմատել ապրանքի նախկին և ներկա գները, ուսումնասիրել վաճառողի պայմանները և համոզվել, որ առաջարկն իսկապես շահավետ է։
Աշխարհի տարբեր անկյուններում՝ տարբեր ուրբաթներ

Թեև «Սև ուրբաթը» ծնունդ է առել ԱՄՆ-ում, այսօր այն հարմարվել է տարբեր երկրների մշակույթներին, ավանդույթներին և սպառողական սովորություններին։ Որոշ երկրներում նույնիսկ փոխվել է դրա անվանումը։
Մերձավոր Արևելք․ Սպիտակ և Դեղին ուրբաթներ։
Իսլամական մի շարք երկրներում ուրբաթը կրոնական նշանակություն ունեցող օր է, և «Սև» անվանումը բացասական երանգավորում ուներ։ Այդ պատճառով ձևավորվեցին այլընտրանքային անվանումներ։
2014 թվականին Souq.com հարթակը տարածաշրջանում առաջ մղեց «Սպիտակ ուրբաթ»՝ White Friday անվանումը, որն այսօր կիրառվում է, մասնավորապես, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում։ Իսկ Noon առցանց հարթակն օգտագործում է «Դեղին ուրբաթ» անվանումը՝ իր բրենդային գույնին համապատասխան։
Չինաստան․ ամերիկյան ուրբաթից ավելի մեծ գնումների փառատոն։
Չինաստանում «Սև ուրբաթի» համեմատությամբ առավել մեծ նշանակություն ունի նոյեմբերի 11-ը՝ Singles' Day-ը կամ «Ամուրիների օրը»։
Այն սկզբնապես առաջացել է ուսանողական միջավայրում՝ որպես միայնակ մարդկանց տոն։ Չորս մեկերը խորհրդանշում էին միայնակությունը։ Սակայն 2009 թվականին Alibaba ընկերությունը օրը վերածեց առևտրային հսկայական փառատոնի։
Այսօր 11.11-ը համաշխարհային էլեկտրոնային առևտրի ամենախոշոր իրադարձություններից է։
Մեքսիկա․ El Buen Fin՝ «Լավ հանգստյան օրեր»։
Մեքսիկայում գործում է սեփական զեղչային նախաձեռնությունը՝ El Buen Fin-ը։ Այն անցկացվում է նոյեմբերի կեսերին և նպատակ ունի խթանել ներքին տնտեսությունը։ Նախաձեռնությունը միավորում է պետական և մասնավոր հատվածներին, իսկ ակցիաների ընթացքում խանութներն առաջարկում են հատուկ գներ ու վճարման պայմաններ։
Բրազիլիա․ Black Friday, թե՞ Black Fraude։
Բրազիլիայում սկզբնական շրջանում կեղծ զեղչերի տարածվածության պատճառով «Սև ուրբաթը» հեգնանքով անվանում էին Black Fraude՝ «Սև խարդախություն»։ Հետագայում շուկայի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով ներդրվեցին վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ։
Եվրոպա․ զեղչեր՝ սպառողի իրավունքների վերահսկողությամբ։
Եվրամիությունում սպառողների շահերի պաշտպանության օրենսդրությունը սահմանում է, որ զեղչի մասին հայտարարելու դեպքում վաճառողը պետք է հղում կատարի ապրանքի նախորդ 30 օրվա ամենացածր գնին։ Այս պահանջը նպատակ ունի սահմանափակելու կեղծ զեղչերը։
Եվրոպայում ձևավորվել է նաև «Կանաչ ուրբաթ»՝ Green Friday շարժումը։ Դրա գաղափարն է հակադրվել գերսպառմանը, խրախուսել գիտակցված գնումներն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Որոշ բրենդներ այդ օրը նույնիսկ հրաժարվում են զեղչային վաճառքներից կամ իրենց եկամտի մի մասն ուղղում բնապահպանական նախաձեռնություններին։
Երբ զեղչը դառնում է հոգեբանական ճնշում

Սակայն «Սև ուրբաթի» շուրջ քննարկումները միայն տնտեսական և առևտրային հարցերով չեն սահմանափակվում։ Մասնագետներն ու սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները տարիներ շարունակ ուշադրություն են հրավիրում նաև դրա հոգեբանական հետևանքների վրա։
Ժամանակի սահմանափակումը, մեծ զեղչերի խոստումները, հետհաշվարկները և «վերջին հնարավորությունը» հաղորդագրությունները հաճախ մարդկանց դրդում են որոշումներ կայացնել առանց բավարար մտածելու։
Money and Mental Health Policy Institute-ի գործադիր տնօրեն Հելեն Անդին այս խնդիրը ներկայացնում է հատկապես հոգեկան առողջության տեսանկյունից։
Արագ զեղչային վաճառքները, «Սև ուրբաթի» առաջարկներն ու կարճաժամկետ ակցիաները դժվար է անտեսել նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում։ Բայց երբ մարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ծախսերը վերահսկելը կարող է չափազանց դժվար լինել։ Գնումներով հագեցած ընդամենը մեկ օրը կարող է տարիների դժբախտության պատճառ դառնալ, հատկապես նրանց համար, ովքեր արդեն իսկ ֆինանսական և հոգեկան առողջության խնդիրներ ունեն։
Այսպիսով, այն, ինչ մի սպառողի համար կարող է լինել շահավետ գնումների հնարավորություն, մյուսի համար կարող է վերածվել չնախատեսված ծախսերի, պարտքերի և ֆինանսական դժվարությունների։
Fashion Revolution շարժման համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն Օրսոլա դե Կաստրոն ևս քննադատում է «Սև ուրբաթի» սպառողական տրամաբանությունը։
«Սև ուրբաթը» խաբեություն է։ Սա մարդկանց ստիպելու ևս մեկ միջոց է՝ մտածելու, թե իրենք շահավետ գնում են կատարում, մինչդեռ իրականում հետապնդում են պատրանք։ «Սև ուրբաթը» շտապողականության, արագության և պարտադրանքի մասին է։ Fashion Revolution շարժման շրջանակում մենք կոչ ենք անում մարդկանց լինել գիտակից սպառողներ և կատարել նպատակային գնումներ։
Այս քննադատությունը մեկ կարևոր հարց է առաջադրում․ արդյո՞ք մենք գնում ենք մեզ անհրաժեշտ ապրանքը, թե՞ պարզապես արձագանքում ենք այն զգացողությանը, որ բաց ենք թողնում բացառիկ հնարավորություն։
Գիտակցված գնումներ՝ զեղչերի փոխարեն որոշումներ

Տնտեսագետների համար «Սև ուրբաթի» վաճառքի ծավալները սպառողական ակտիվության գնահատման կարևոր ցուցիչներից են։ Դրանք որոշակի պատկերացում են տալիս մարդկանց գնողունակության, վստահության և շուկայական տրամադրությունների մասին։ Սակայն մեկ օրվա վաճառքների աճը դեռևս ինքնին չի նշանակում, որ տնտեսությունը կայուն է կամ սպառողների ֆինանսական վիճակը բարելավվել է։
Միևնույն ժամանակ, այս առևտրային իրադարձությունը փոխել է նաև մեր գնումների մշակույթը։ Սպառողն այլևս պարզապես չի սպասում տոնական շրջանին․ նա հետևում է զեղչերի օրացույցին, համեմատում առաջարկները, օգտվում առցանց հարթակներից և հաճախ գնումներ կատարում դեռևս ակցիաների մեկնարկից առաջ։
Բայց ինչպե՞ս չդառնալ զեղչային մարքեթինգի զոհ։
Նախապես կազմել անհրաժեշտ գնումների ցանկ։
Համեմատել ապրանքի գինը մի քանի խանութներում։
Ստուգել՝ արդյոք զեղչը համապատասխանում է իրական գնային փոփոխությանը։
Չգնել միայն այն պատճառով, որ ապրանքի վրա մեծ տոկոսով զեղչ է նշված։
Խուսափել չնախատեսված պարտքերից և ապառիկ գնումներից, եթե դրանք ֆինանսական ծանրաբեռնվածություն են ստեղծում։
Իսկապե՞ս շահում է սպառողը
«Սև ուրբաթը» երկար ճանապարհ է անցել՝ Ֆիլադելֆիայի խցանված փողոցներից մինչև համաշխարհային թվային առևտրի հարթակներ։ Ոստիկանների կողմից ստեղծված բացասական անվանումը ժամանակի ընթացքում վերածվել է միլիարդավոր դոլարների շրջանառություն ապահովող առևտրային բրենդի։
Այսօր այն միաժամանակ տնտեսական ակտիվության ցուցիչ է, բիզնեսի համար եկամուտների ավելացման հնարավորություն, սպառողների համար՝ ցանկալի ապրանքներն ավելի մատչելի ձեռք բերելու շանս, բայց նաև գերսպառման ու մարքեթինգային մանիպուլյացիաների դրսևորում։
Գուցե «Սև ուրբաթի» գլխավոր հարցը ոչ թե այն է, թե որքան մեծ է զեղչը, այլ՝ որքանո՞վ է այն իրական, անհրաժեշտ և շահավետ։
Ի վերջո, ամենամեծ զեղչը միշտ չէ, որ ամենաշահավետ գնումն է։ Իսկ իսկապես հաջողված գնումն այն է, որի համար սպառողը ոչ թե ենթարկվել է շտապողականությանը, այլ կատարել է գիտակցված ընտրություն։


