Շատերի համար «BlackBerry» բառը մինչ օրս ասոցացվում է ստեղնաշարով այն նրբագեղ հեռախոսների հետ, որոնք սահմանեցին սմարթֆոնների վաղ շրջանը։ Այնուամենայնիվ, այդ երբեմնի ամենուրեք բրենդի հետևում կանգնած ընկերությունը տարիներ է ծախսել՝ վերափոխվելով ծրագրային ապահովման բիզնեսի։ Հիմա ներդրողներն սկսում են ավելի լուրջ ուշադրություն դարձնել այդ փոխակերպմանը։
«BlackBerry»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Ջամատեոն վերջերս CNBC-ի «The Tech Download» փոդքասթի ընթացքում խոսել է ընկերության վերափոխման և արհեստական բանականությամբ (ԱԲ) գերիշխող ապագային նախապատրաստվելու մասին։ Թեև «BlackBerry»-ն մնում է ճանաչելի ու պաշտամունքային բրենդ, նրա այսօրվա բիզնեսը շատ հեռու է երկու տասնամյակ առաջ իրեն հռչակ բերած սմարթֆոններից։
«BlackBerry»-ի հասույթի հիմնական մասն ապահովում են երկու ուղղություններ․
Ապահով հաղորդակցություն. Ընկերությունն այժմ ծրագրային ապահովում է տրամադրում կառավարություններին և այնպիսի հաճախորդների, որոնք չեն կարող թույլ տալ զգայուն խոսակցությունների գաղտնալսում կամ արտահոսք։ Ընկերության առաջատար «SecuSUITE» հարթակը վերահսկում և վերջնակետային վերծանմամբ կոդավորում է ձայնային զանգերը, հաղորդագրություններն ու ֆայլերի փոխանակումը ինչպես շարժական, այնպես էլ աշխատանքային սարքերում՝ նաև հաստատելով օգտատերերի ինքնությունը։
QNX համակարգ. Սա այն ծրագրային հիմքն է, որն օգնում է ավտոմեքենաներին աշխատել անվտանգ։ «QNX»-ն ավտոարտադրողներին ապահովում է օպերացիոն համակարգերով և ներկառուցված ծրագրերով այնպիսի գործառույթների համար, որտեղ անգամ փոքր խափանումը կարող է վտանգավոր լինել (սկսած արգելակման համակարգից մինչև վարորդին աջակցող ֆունկցիաները)։
«QNX»-ն այժմ ավտոմոբիլային ծրագրային ապահովման անվտանգության ոլորտի խոշորագույն խաղացողներից է․ համակարգն արդեն ներկառուցված է աշխարհում ավելի քան 275 միլիոն ավտոմեքենաներում։
«Թեև այն ապրանքները, որոնք մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին, հնարավոր չէ պահել ափի մեջ, ինչպես հին սարքերը, անվտանգության, վստահության և նորարարության այդ արժեքները շարունակում են փայլել մեր այսօրվա ծրագրային ապահովման, ծառայությունների և լուծումների մեջ», — նշել է Ջամատեոն։
Ընկերության ամենաարագ աճող ուղղություններից մեկը
Ջամատեոն «QNX»-ը տեսնում է որպես հնարավոր հիմք իրական աշխարհում գործող ԱԲ-սարքերի համար, ներառյալ՝ ինքնավար ավտոմեքենաները, պահեստային ռոբոտները, արդյունաբերական սարքավորումները և բժշկական տեխնիկան։
Նա ընդգծել է, որ երբ ծրագրային ապահովումն ավելի մեծ դեր է ստանձնում շարժվող մեքենաների կառավարման գործում, այն պետք է արձագանքի կանխատեսելիորեն և համապատասխանի անվտանգության խիստ չափանիշներին։ Սա հենց այն միջավայրն է, որը «BlackBerry»-ն նախատեսել էր «QNX»-ի համար։
Ռոբոտաշինությունն ընկերության ամենաարագ աճող ուղղություններից է «QNX» պորտֆելում, որն արդեն զգալի եկամուտ է գրանցում։ Ջամատեոն հայտնել է, որ ընկերությունը «QNX»-ի գծով գրանցել է 950 միլիոն դոլարի պատվերներ։
CNBC-ի փոխանցմամբ՝ «BlackBerry»-ի բաժնետոմսերի գինն այս տարի կրկնապատկվել է, քանի որ ներդրողներն սկսել են գնահատել ընկերության կենտրոնացումը իր երկու հիմնական ուղղությունների վրա։
«BlackBerry»-ն վերափոխման անհրաժեշտության առաջ կանգնեց 2007 թվականին iPhone-ի թողարկումից հետո, որը գրեթե մեկ գիշերում սահմանեց ոլորտի նոր չափանիշները։ Ընկերությունն սկսեց ծրագրային ապահովման շուրջ վերակառուցվել 2010-ականների սկզբին, սակայն փոխակերպումը պաշտոնական դարձավ 2016 թվականին, երբ այն ամբողջությամբ դադարեցրեց սեփական սմարթֆոնների նախագծումը՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով ծրագրային լուծումների վրա։


