Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իսկ 2024-ի հոկտեմբերին՝ համայնքի ղեկավար։
«Առաքել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցմամբ։ Հովսեփ Առաքելյանի՝ Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո ընկերությունը համայնքի հետ կնքել է երեք պայմանագիր, ընդհանուր՝ 85 մլն 805 հազար դրամի։
2026 թվականի մայիսին Սիսիանի համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Որոտան կինոթատրոնի դիմացի հատվածը բարեկարգելու համար։ Մրցույթին մասնակցել էր մեկ ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել է 56.9 մլն դրամի պայմանագիր։
Այս տարվա հունվարին համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Սիսիան քաղաքում կրթական այգու կառուցման համար։ Մրցույթին մասնակցել էր երեք ընկերություն, որոնցից երկուսը ներկայացրել էին մոտավորապես նույն գնային առաջարկը՝ 33.6 և 33.8 մլն դրամ, իսկ «Առաքել» ՍՊԸ-ն առաջարկել էր աշխատանքը կատարել 25.2 մլն դրամով, և համայնքապետարանի հետ այդ գնով պայմանագիր է կնքել։
2024-ի ապրիլին, երբ Հովսեփ Առաքելյանն ավագանու անդամ էր, «Առաքել» ՍՊԸ-ն հաղթել էր Սիսիան համայնքի Շենաթաղ բնակավայրում շենքի տանիքի վերանորոգման մրցույթում։ Ընկերության հետ կնքվել էր 3.7 մլն դրամի պայմանագիր։
Այս բոլոր դեպքերի վերաբերյալ Առաքելյանը համայնքի կայքում ներկայացրել է շահերի առկայության վերաբերյալ հայտարարություն, որը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջն է։ Գնումների մասին գործող օրենքը չի արգելում համայնքի ղեկավարին պայմանագրեր կնքել իրեն փոխկապակցված անձանց հետ, սակայն 2026 թ․-ի մայիսի 6-ին ընդունված փոփոխություններով՝ 2027 թվականի հունվարի 1-ից դա կարգելվի։
Բացի Սիսիանի համայնքապետարանից, «Առաքել» ՍՊԸ-ն 2023-ի նոյեմբերին պայմանագիր է կնքել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։ Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի վարժարանի քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայի մասնակի վերանորոգման համար կազմակերպված մրցույթում հաղթել է «Առաքել» ՍՊԸ-ն և համալսարանի հետ կնքել 2.3 մլն դրամի պայմանագիր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


