Աշխարհի խոշորագույն նավթային հսկան՝ սաուդյան պետական Saudi Aramco ընկերությունը, գրեթե չորս ամսվա պարապուրդից հետո վերսկսել է հում նավթի բեռնափոխադրումները Պարսից ծոցի իր առանցքային՝ Ռաս Թանուրա (Ras Tanura) տերմինալում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Արտահանման հանգույցի վերագործարկումը վկայում է այն մասին, որ Մերձավոր Արևելքի նավթ արտահանող երկրները վճռական են շարունակելու իրենց էներգետիկ ծրագրերը՝ չնայած տարածաշրջանում պահպանվող բարձր ռազմական վտանգին։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ օր առաջ՝ հունիսի 25-ին, ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում անհայտ արկով հարձակման էր ենթարկվել թայվանական Evergreen Marine ընկերությանը պատկանող կոնտեյներատար նավը։
Միլիոնավոր բարելներ՝ ճանապարհին
Ծովային տեղորոշման տվյալների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի Bahri պետական նավագնացային ընկերությանը պատկանող երկու գերխոշոր նավթատարներ (VLCC) արդեն արձանագրվել են Ռաս Թանուրա նավահանգստում՝ հում նավթ բեռնելիս, իսկ երրորդ հսկա նավը սպասում է մոտակայքում։ Այս տանկերներից յուրաքանչյուրն ունակ է տեղափոխել մինչև 2 միլիոն բարել նավթ։
Ռաս Թանուրան գտնվում է Սաուդյան Արաբիայի արևելյան ափին՝ Հորմուզի նեղուցից արևմուտք: Մինչ տարածաշրջանային ռազմական հակամարտության բռնկումը, այս տերմինալից օրական արտահանվում էր ավելի քան 5 միլիոն բարել հում նավթ: Այստեղ է գտնվում նաև թագավորության ամենախոշոր նավթավերամշակման գործարանը (օրական 550,000 բարել հզորությամբ), որը փակվել էր պատերազմական գործողությունների պատճառով: Ուշագրավ է, որ Saudi Aramco-ն այս նավահանգստից վերջին անգամ նավթ էր արտահանել (դեպի Չինաստան) դեռևս ընթացիկ տարվա մարտի 8-ին։
Թեժացող իրավիճակ Հորմուզի նեղուցում
Արտահանման վերսկսումն ընթանում է աշխարհաքաղաքական ծայրահեղ ճնշման ներքո։ Իրանի իշխանություններն ավելի վաղ հանդես են եկել կտրուկ հայտարարությամբ՝ նշելով, որ Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած նավի տեղաշարժ պետք է պարտադիր կերպով համակարգվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։ Սաուդյան նավթի վերադարձը շուկա կարող է ինչպես կայունացնել գլոբալ գները, այնպես էլ նոր թիրախ դառնալ Պարսից ծոցի ռազմական կոնֆլիկտի կողմերի համար։

