Շահումով խաղերն ու դրանցից բխող ֆինանսական ու սոցիալական ռիսկերը տարիներ շարունակ մնում են Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկը։ Խաղամոլության (լուդոմանիայի) տարածումը կանխելու և քաղաքացիներին սնանկացումից պաշտպանելու նպատակով պետությունը գնում է օրենսդրական նոր սահմանափակումների։
Այսուհետ բարձր ռիսկայնության խաղերից օրենքի ուժով կզրկվեն առավել խոցելի խմբերը՝ մինչև 21 տարեկան երիտասարդներն ու 70 տարեկանից բարձր անձինք: Բացի այդ, առանձին սահմանափակումներ կկիրառվեն այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց աշխատավարձը ձևավորվում է պետական կամ համայնքային բյուջեների հաշվին:
«Ինքնարգելափակման կոճակ». շահերի հավասարակշռում
Օրենսդրական փոփոխությունների առանցքային կետերից մեկը խաղացողների կողմից սեփական հաշիվների սահմանափակման՝ «ինքնարգելափակման» մեխանիզմի հստակեցումն է։ Նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ խաղային ընկերություններն օգտվեն իրավական բացերից։
Միևնույն ժամանակ, օրենքը մշակվել է այնպես, որ չխախտվի բիզնեսի և սպառողի շահերի հավասարակշռությունը։ Կանխվել են հնարավոր մանիպուլյացիաները խաղացողների կողմից։ Օրինակ՝ եթե խաղադրույք կատարած անձը խաղի ավարտից րոպեներ առաջ հասկանում է, որ պարտվելու է, և փորձում է արագ ինքնարգելափակվել՝ գումարը փրկելու հույսով, դա նրան չի հաջողվի։ Նախապես արված խաղադրույքը մնում է ուժի մեջ, և պարտության դեպքում գումարը գանձվում է։
Անկառավարելի գովազդ և օրենսդրական բացեր
Եթե դաշտի ներքին կարգավորումները հնարավոր է վերահսկել, ապա խաղային գովազդի արգելքի կիրառումը համացանցում բախվում է լրջագույն խոչընդոտների։ Թեև Հայաստանում տեղական խաղային ընկերությունների գովազդն օրենքով արգելված է, սպառողները հաճախ են հանդիպում նմանատիպ հոլովակների՝ հատկապես ֆիլմերի դիտման անվճար հարթակներում։
Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) խոստովանում են, որ չլիցենզավորված կազմակերպությունների դեմ պայքարը բարդ է, քանի որ վիրտուալ տիրույթն ունի անսահմանափակ հնարավորություններ և այս պահին բավականին անկառավարելի է։
Միլիոնանոց տուգանքներ տեղական բիզնեսին, «նամակներ»՝ միջազգային հսկաներին
Գովազդի արգելքի խախտման համար հայկական ընկերությունների նկատմամբ կիրառվում են խիստ պատժամիջոցներ՝ յուրաքանչյուր դեպքի համար 2 միլիոն դրամ տուգանքի տեսքով։ Սակայն իրավական պատկերը լիովին այլ է, երբ խնդիրը վերաբերում է միջազգային ընկերություններին։
Բազմաթիվ արտասահմանյան բուքմեյքերական կամ խաղային հարթակներ իրենց գովազդները տարածում են հայկական տիրույթում, սակայն մնում են անպատժելի։ Պատճառն այն է, որ տեղական օրենսդրությունը հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկել Հայաստանի իրավազորությունից դուրս գտնվող սուբյեկտներին։
Այս պարագայում հայաստանյան գերատեսչություններին մնում է ընդամենը մեկ գործիք՝ նամակագրական կապ հաստատել միջազգային հարթակների հետ և «հորդորել» կամ խնդրել, որպեսզի վերջիններս իրենց գովազդային արշավներում բացառեն հայաստանյան լսարանը։ Թե որքանով է արդյունավետ «հորդորների» քաղաքականությունը միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող գլոբալ ինդուստրիայի դեմ, ցույց է տալիս համացանցի ամենօրյա պատկերը։

