Ռուսաստանը ապրիլին կրճատել է նավթի արդյունահանումը օրական շուրջ 300-400 հազար բարելով, ինչը համարվում է ամենախոշոր ամսական անկումը COVID-19 համավարակից ի վեր։
Reuters-ի տվյալներով՝ նվազման հիմնական պատճառը ուկրաինական անօդաչու սարքերի հարվածներն են նավթային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ նավահանգիստներին և վերամշակման գործարաններին։
Հարվածների թիրախում են եղել արտահանման առանցքային հանգույցները՝ Ուստ-Լուգան, Պրիմորսկը և Նովորոսիյսկը, ինչը խաթարել է նավթի տեղափոխման գործընթացը։
Բացի այդ, դադարեցվել են դեպի Եվրոպա մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով, ինչը ևս նպաստել է արտադրության կրճատմանը։
Միջազգային էներգետիկ գործակալությունը վերանայել է Ռուսաստանի մատակարարման կանխատեսումները՝ նշելով, որ վնասված ենթակառուցվածքների պատճառով արագ վերականգնումը դժվար կլինի։
Միևնույն ժամանակ, նավթի բարձր գները կարող են մասամբ փոխհատուցել Ռուսաստանի բյուջետային կորուստները։

