Մամուլի ազատության վարկանիշ. Հայաստանը նահանջել է 16 կետով․ որն է հիմնական պատճառը

Հայաստանը շարունակում է առաջատար մնալ հարևանների նկատմամբ։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը զգալի դիրքային անկում է գրանցել։ Նախորդ տարվա 34-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ զբաղեցնում է 50-րդ տեղը։ Զեկույցում նշվում է, որ չնայած մեդիա դաշտի բազմազանությանը, այն մնում է խիստ բևեռացված և բախվում է ապատեղեկատվության ու ատելության խոսքի աննախադեպ ալիքի։

Իրավապաշտպանները շեշտում են, որ լրագրողները Հայաստանում պարբերաբար ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնության թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևերի կողմից։ Հատկապես մտահոգիչ է համարվում այն փաստը, որ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ։ Տարածաշրջանային համատեքստում, չնայած անկմանը, Հայաստանը շարունակում է առաջատար մնալ հարևանների նկատմամբ. Վրաստանը նահանջել է մինչև 135-րդ տեղը, Թուրքիան 163-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 171-րդը։