Հայաստանի նոր Սահմանադրության հրապարակված նախագծի համաձայն՝ նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացիությունից զրկելու սահմանադրական բացարձակ արգելքը։ Փաստաթղթով սահմանվում է, որ օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանի որոշմամբ, կարող է թույլատրվել քաղաքացիությունից զրկելը՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Ինչու է դա կարևոր. Գործող Սահմանադրությունը բացառում է ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու որևէ հնարավորություն, մինչդեռ նոր նախագիծը ներմուծում է այդ բացարձակ արգելքից բացառություն՝ պայմանավորելով այն դատական ակտով և պետության անվտանգության ու սահմանադրական կարգի դեմ ուղղված կոնկրետ հանցակազմերով։
Գործող Սահմանադրության և նոր նախագծի կարգավորումների համեմատությունը.
Նոր Սահմանադրության նախագծի կարգավորումը.
Վերացվում է ՀՀ քաղաքացիությունից զրկելու սահմանադրական բացարձակ արգելքը։
Օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանի որոշմամբ, թույլատրվում է քաղաքացիությունից զրկելը՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Գործող Սահմանադրության կարգավորումը (Հոդված 47).
Գործող Մայր օրենքի 47-րդ հոդվածի («Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը») համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։
Ամրագրված է նաև, որ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
Համատեքստ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծն ու դիմել է ուղերձով, իսկ նախագծի տեքստը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում։


