Զգուշացե՛ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ-ի անունից զեղծարարության փորձերը: Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:
«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։
Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։
Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։
• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։
• Արգելափակե՛ք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։
• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք ձեր անձնական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ։


