Ընթացիկ շաբաթվա դրությամբ ՀՀ առևտրային բանկերում կանխիկ ռուսական ռուբլու գնման միջին փոխարժեքը կազմում է 3.98 դրամ։ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը սահմանված է 4.77 դրամ։ Միևնույն ժամանակ, անկանխիկ փոխարկումների (հաշվին առկա ռուբլիով) դեպքում բանկերն առաջարկում են մինչև 4.55 դրամ փոխարժեք։ Tvyal.com-ը գրում է, որ միևնույն արժույթը նույն օրվա ընթացքում և նույն ֆինանսական հաստատությունում երեք տարբեր արժեք ունի։ Պաշտոնական փոխարժեքի և կանխիկի գնման շուկայական փոխարժեքի միջև ճեղքվածքը հասել է շուրջ 17 տոկոսի։ Որոշ բանկերում կանխիկ ռուբլու գնման համար սահմանված չափազանց ցածր փոխարժեքն, ըստ էության, գործարքից հրաժարվելու եղանակ է՝ բանկերը պարզապես չեն ուզում ընդունել ռուբլու թղթադրամները։ Արմսվիսբանկն ընդհանրապես չի սահմանում կանխիկ ռուբլու գնման փոխարժեք։
Մեր կողմից ավելի քան երեք տարի շարունակ բարձր հաճախականությամբ հավաքագրվել և վերլուծվել են ՀՀ բանկերի և փոխանակման կետերի կողմից սահմանված առքուվաճառքի փոխարժեքները (տվյալների իրական ժամանակում արտացոլումը հասանելի է փոխարժեքների մեր վահանակում)։ Տվյալների այս վահանակը հնարավորություն է տալիս հստակորեն տեսնելու խզման օրը և գնահատելու դրա խորությունը։ Սա միակ գործիքն է Հայաստանում, որը ցույց է տալիս փոխանակման կետերի և բանկերի փոխարժեքի առքուվաճառքի երկարաժամկետ դինամիկան, ինչպես նաև մարժան, ինչը թույլ է տալիս գնահատել շուկայի իրական դրությունը։ Թեև փոխարժեքի շուկայում տիրող իրավիճակն առաջին հայացքից կարող է դիտարկվել որպես բանկային համակարգի կողմից ռուբլու դեմ ուղղված համաձայնեցված գործողություն, սակայն տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ խնդրի հիմքում ընկած են այլ մակրոտնտեսական գործոններ։
Երկշաբաթյա կայունություն և կտրուկ անկում
Հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված որոշմամբ փաստացիորեն արգելվեց հայկական գյուղմթերքի ներմուծումն ու տարանցումը։ Դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում Երևանի արտարժույթի շուկայում ռուբլու փոխարժեքը հարաբերականորեն կայուն էր։ Այդուհանդերձ, նշված կայունությունը խաբուսիկ էր։
Փոխարժեքի կտրուկ վերանայումն արձանագրվեց հունիսի 26-ին։ Երեք օրվա ընթացքում կանխիկ ռուբլու գնման միջին բանկային փոխարժեքը 4.60 դրամից նվազեց մինչև 3.50 դրամ։ Զուգահեռաբար առքի և վաճառքի փոխարժեքների միջև մարժան շուրջ 10 տոկոսից հասավ 38 տոկոսի։ Ներկայումս այն կայունացել է մոտ 23 տոկոսի միջակայքում։ Համեմատության համար հարկ է նշել, որ նույն ժամանակահատվածում նշված բանկերում ԱՄՆ դոլարի մարժան պահպանվել է ընդամենը 1 տոկոսի շրջանակում։ Մարժան առքի և վաճառքի տոկոսային հարաբերությունն է և ցույց է տալիս շուկայի կողմից որոշակի փոխարժեքի իրացվելիության և ռիսկայնության աստիճանը։ Այս պահին Հայաստանի փոխարժեքի շուկան ռուբլին գնահատում է որպես բարձր անորոշության մակարդակ ունեցող արժույթ։ Տնտեսական ցնցումների դեպքում, որպես կանոն, շուկայում միաժամանակ արժեզրկվում են բոլոր արտարժույթները։ Տվյալ պարագայում արժեզրկվել է բացառապես կանխիկ ռուբլին։
Հատկանշական է, որ բանկերի արձագանքը սկսվել էր նախքան հունիսի 26-ը։ Տվյալների ուսումնասիրությամբ երևում է, որ նախքան փոխարժեքների կտրուկ անկումը, բանկերն աստիճանաբար սահմանափակում էին գործարքները։ Մասնավորապես, հունիսի 11-ից 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ռուբլու փոխարժեքի վերաբերյալ հրապարակվող գնանշումների քանակը կրճատվել է գրեթե կիսով չափ, մինչդեռ դոլարի գնանշումների դեպքում փոփոխություններ չեն արձանագրվել։ Թեև բանկային սպասարկումը ֆիզիկապես շարունակվում էր, ռուբլու նկատմամբ պահանջարկը փաստացիորեն արդեն իսկ սպառվել էր։
Միևնույն ժամանակ, նշենք, որ ռուբլու գլոբալ համակարգային արժեզրկում չի դիտարկվում։ Նշված ժամանակահատվածում ՀՀ ԿԲ պաշտոնական փոխարժեքը 5.16 դրամից նվազել է մինչև 4.77 դրամ (շուրջ 7 տոկոս անկում), ինչը համահունչ է միջազգային շուկաներում ռուբլու արժեզրկման միտումներին։ Լրացուցիչ 10-ից 17 տոկոս կորուստը, որը կրում են Հայաստանում կանխիկ ռուբլի տնօրինողները, զուտ լոկալ հայկական տնտեսական երևույթ է և դրսևորվում է բացառապես կանխիկ արտարժույթի դեպքում։
Առևտրաշրջանառության ուղիների խափանում
Այս երևույթը ոչ թե Հայաստանի բանկային համակարգի փոխհամաձայնության արդյունք է՝ միտված ռուբլու ներքին արժեզրկման, այլ առևտրաշրջանառության ուղիների խափանում։ Այդ մասին է վկայում նաև նույն բանկի ներսում կանխիկ և անկանխիկ ռուբլու փոխարժեքների միջև առկա խզումը։ Հուլիսի 14-ի դրությամբ բանկերի միջինացված ցուցանիշով անկանխիկ ռուբլին գնվել է 4.55 դրամով, ինչը պաշտոնական ԿԲ փոխարժեքից ցածր է ընդամենը 4.6 տոկոսով։ Ըստ էության, սա մոտավորապես այն մարժան էր, որը գործում էր մինչև ներկա իրավիճակը։ Միևնույն ժամանակ, կանխիկ ռուբլու համար բանկերն առաջարկել են 3.98 դրամ միջինացված փոխարժեք։ Արձանագրված 0.57 դրամ տարբերությունը ոչ թե արտարժույթի փոխարժեքն է, այլ կանխիկ ռուբլու կառավարման և ֆիզիկական արտահանման հետ կապված լրացուցիչ ծախսերի արտացոլումը։
Բանկերի կողմից կանխիկ ռուբլու իրացման անհնարինությունը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության կողմից առևտրաշրջանառության ուղիների փակմամբ, ինչը կիրառվել է երկու փուլով։ Մարտի 25-ին ստորագրված նախագահական հրամանագրով արգելվեց Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ ռուբլու արտահանումը, իսկ իրավաբանական անձանց համար այն արգելվեց ամբողջությամբ [1]։ Զուգահեռաբար, ռուսական բանկերը խստացրել են արտերկրի ֆինանսական կառույցներից ներհոսող կանխիկ թղթադրամների ընդունման պայմանները։ Հայաստանի բանկերի միությունը պաշտոնապես հայտարարեց, որ տեղական սահմանափակումները հետևանք են ՌԴ կողմից կիրառվող նոր կանոնակարգումների և ռուբլու դեմ ուղղված միտումնավոր քաղաքականության դրսևորում չեն [2]։
Գործընթացի տնտեսական տրամաբանությունը պարզ է. երբ մատակարարման շղթայում վերջնական ընդունող օղակը հրաժարվում է անսահմանափակ ծավալով ապրանքի (տվյալ դեպքում՝ կանխիկ արտարժույթի) ընդունումից, միջնորդ օղակները ստիպված են լինում զգալիորեն սահմանափակել գնումները։ Որպես հետևանք՝ գնման արժեքը նվազում է, իսկ պահուստներն աստիճանաբար գերկուտակվում են։ Տվյալ իրավիճակում նշված միջնորդ օղակները ՀՀ առևտրային բանկերն են, որոնց պահոցներում արձանագրվում է կանխիկ ռուբլու ավելցուկային կուտակում։
Շրջանառության արգելափակումը կրում է համակարգային բնույթ և տարածվում է ԵԱՏՄ ողջ տարածքով։ Բելառուսում բանկերի ավելի քան մեկ երրորդը ներկայումս կիրառում է 2-5 տոկոս միջնորդավճար կանխիկ ռուբլու մուտքագրման դիմաց, նմանատիպ վճարներ են ներդրվել նաև Ղազախստանի և Ղրղզստանի բանկերում [1]։ Ռուսաստանի ներսում կանխիկ դրամաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 1.4 տրիլիոն ռուբլիով՝ գրանցելով վերջին վեց տարվա առավելագույն ցուցանիշը։ Դա պայմանավորված է թղթադրամների արտահոսքի հնարավորությունների բացակայությամբ։ Փաստացիորեն, Հայաստանի պարագայում իրավիճակն առավել սուր է, ինչն ուղղակիորեն պայմանավորված է հունիսի 11-ի արգելքով։ Բեռնափոխադրողները և գյուղմթերք արտահանողները ռուբլու շուկայական հիմնական գնորդներն էին։ Արգելքի կիրառումը համընկավ զբոսաշրջային սեզոնի պիկին, երբ ներգնա զբոսաշրջիկների կողմից կանխիկ ռուբլու վաճառքի ծավալներն առավելագույնն են լինում։ Առաջարկը շարունակում է աճել, մինչդեռ իրացման երկու հիմնական ուղիները՝ առևտուրը և թղթադրամների հայրենադարձումը, խափանվեցին միևնույն ամսվա ընթացքում։
Հետևաբար, ստեղծված իրավիճակը Հայաստանի բանկային համակարգի օլիգոպոլիկ համաձայնության արդյունք չէ։ Ներքին համաձայնության պարագայում կսահմանվեր միասնական փոխարժեք։ Բանկերի կողմից կանխիկ ռուբլու գնանշումները տատանվում են 3.44-ից մինչև 4.35 դրամի միջակայքում, ինչը վկայում է, որ յուրաքանչյուր ֆինանսական հաստատություն գինը սահմանում է՝ ելնելով սեփական իրացվելիությունից և պահուստների ծավալներից։ Ազատ միջոցներ ունեցող բանկերն առաջարկում են շուկայականին մոտ փոխարժեք, մինչդեռ գերհագեցած պահուստներ ունեցողները սահմանում են արհեստականորեն ցածր փոխարժեք՝ նպատակ ունենալով զսպել կանխիկի լրացուցիչ ներհոսքը։
Այն կանխիկ արտարժույթը, որի հայրենադարձումն անհնար է դառնում, կորցնում է վճարամիջոցի իր գործառույթը և վերածվում ապրանքային պաշարի։
Ինչպես տնօրինել առկա ռուբլային միջոցները
Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ վերլուծվել են առկա այլընտրանքները։ Այսպես արձանագրվում են մի շարք ոչ ակնհայտ օրինաչափություններ։
Նախ, կանխիկ արտարժույթի իրացման առավել օպտիմալ տարբերակը ոչ թե արտարժույթի փոխանակման կետերն են, այլ բանկերը։ Նպատակահարմար է թղթադրամների մուտքագրումն այն բանկերում, որոնք դեռևս ընդունում են դրանք առանց միջնորդավճարի (հուլիսի սկզբի դրությամբ՝ ԻԴԲանկ և ՎՏԲ-Հայաստան Բանկ, մինչդեռ Ինեկոբանկը դադարեցրել էր կանխիկի մուտքագրումը, իսկ Ամերիաբանկը գանձում էր 5 տոկոս միջնորդավճար [3])՝ հետագայում անկանխիկ փոխարժեքով փոխարկելու պայմանով։ Նշված մոտեցումը հնարավորություն է տալիս մեկ ռուբլու դիմաց ստանալ 4.55 դրամ՝ փոխանակման կետերում առաջարկվող 4.30 դրամի փոխարեն։ Հատկանշական է Ամերիաբանկի 5 տոկոս միջնորդավճարի հաշվարկը. 4.55 դրամից հանած 5 տոկոս՝ կազմում է 4.32 դրամ, ինչը գրեթե հավասար է փոխանակման կետերի առաջարկին։ Միջնորդավճարների կիրառումն ուղղված է արբիտրաժային հնարավորությունների սահմանափակմանը։ Բելառուսի փորձը վկայում է ողջ համակարգում այս գործընթացի անխուսափելիության մասին. արտոնյալ պայմաններով գործարքների հնարավորություններն աստիճանաբար սպառվում են։
Երկրորդ, «ռուբլու փոխարեն ԱՄՆ դոլար ներմուծելու» մոտեցումը տնտեսապես արդարացված չէ։ Դեռևս 2022 թվականից Ռուսաստանում գործում է արտարժույթի կանխիկ արտահանման սահմանափակում՝ 10,000 ԱՄՆ դոլար մեկ անձի հաշվով, իսկ ՌԴ Կենտրոնական բանկը կանխիկացման սահմանափակումները երկարաձգել է մինչև 2026 թվականի սեպտեմբեր [5]։ Միևնույն ժամանակ, մոսկովյան փոխանակման կետերում կանխիկ դոլարը վաճառվում է մոտ 83 ռուբլով՝ պաշտոնական 77-ի դիմաց։ Նույն ճգնաժամային երևույթը, որը հանգեցնում է Երևանում ռուբլու արժեզրկմանը, խթանում է դոլարի գնի աճը Մոսկվայում. գնագոյացումն արտացոլում է ռիսկերի մեծացումը շղթայի երկու ծայրերում։ Կանխիկ դոլարի փոխարկման ուղին ենթադրում է մոտ 8 տոկոս կորուստ, ինչն էապես չի տարբերվում կանխիկ ռուբլին շուկայական գնով վաճառելու կորստից։ Խոշոր գործարքների դեպքում կապիտալի տեղաշարժի առավել արդյունավետ տարբերակն անկանխիկ փոխանցումներն են։
Երրորդ, եթե առկա է ռուբլու օգտագործման իրական պահանջարկ Ռուսաստանի ներսում (ընտանիք, անշարժ գույք, ուղևորություններ), ապա ռուբլին այնտեղ պահպանում է իր անվանական արժեքը։ Ընդ որում՝ դեպի ՌԴ կանխիկի տեղափոխումը չունի այնպիսի խիստ սահմանափակումներ, ինչպիսիք գործում են արտահանման դեպքում։ Այդ հանգամանքով է բացատրվում նաև փոխանակման կետերում 4.30 փոխարժեքով ակտիվ առքուվաճառքի պահպանումն այն դեպքում, երբ բանկերը կրճատում են գործառնությունները։ Տեղական մանրածախ շուկան ի վիճակի է վերաշրջանառել ռուբլին, մինչդեռ բանկային պահուստներն այդ հնարավորությունից զրկված են։
Ի՞նչ անել. արդյունավետ է արդյո՞ք սպասելը
Արդյո՞ք խոշոր կապիտալ տնօրինողները պետք է որդեգրեն սպասողական մոտեցում։ ԵԱՏՄ պայմանագիրը, ըստ էության, նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի «ազատ տեղաշարժ»։ Կարող է ենթադրվել, որ առևտրային արգելքի վերացման դեպքում բեռնափոխադրումների վերականգնումը կհանգեցնի ներքին շուկայում ռուբլու գնման փոխարժեքի կայունացման։ Սակայն այս սցենարը պահանջում է երկու էական ճշգրտում։
Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ պայմանագիրը փաստաթուղթ է, որը զուրկ է գործուն մեխանիզմներից։ Այս պահին փաստացի սահմանափակված են ապրանքների, ինչպես նաև կապիտալի ազատ տեղաշարժի՝ ԵԱՏՄ հիմնարար ազատությունները։ Գործող սահմանափակումներն արդեն իսկ խախտում են դրա դրույթները, ընդ որում՝ առանց որևէ իրավական հետևանքների [4]։
Երկրորդ՝ անգամ լավատեսական սցենարի դեպքում առկա են օբյեկտիվ սահմանափակումներ։ Գյուղմթերքի արտահանման արգելքի վերացման պարագայում առևտրային ռուբլու պահանջարկը կվերականգնվի։ Այդուհանդերձ, թղթադրամները դեպի Ռուսաստան վերադարձնելու կանոնակարգումները բոլորովին այլ բնույթի սահմանափակումներ են՝ միտված կապիտալի արտահոսքի կանխմանը։ Դրանք ընդունվել են դեռևս մինչև Հայաստանի հետ ներկա առևտրաշրջանառության խնդիրների ի հայտ գալը։ Դիվանագիտական հարաբերությունների ջերմացումը չի հանգեցնի դրանց չեզոքացմանը։ Իրատեսական սցենարով՝ կանխիկի փոխարկման հավելավճարը 10 տոկոսից կարող է նվազել մինչև 5 տոկոս, սակայն ոչ նախկին 3 տոկոսի մակարդակին։ Այս համատեքստում հատկանշական է ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականությունը։ Այն արդեն իսկ սահմանել է 4.10 անկանխիկ փոխարժեք այն դեպքում, երբ մնացած բոլոր բանկերն առաջարկում են 4.5-ից 4.6 դրամ։ Կանխիկ ռուբլու պահպանումը չի ապահովում որևէ տոկոսային եկամուտ, մինչդեռ այս պահին արժույթը շարունակում է արժեզրկվել միջազգային շուկաներում։

