Հոկտեմբերի 9-ի կարևոր լուրերը
Լուրեր |

Մակրոնը կնշանակի նոր վարչապետ և հերքում է ընտրությունների անցկացումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում կնշանակի նոր վարչապետ՝ հերքելով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին տեղեկությունները։
Հեռացող վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հայտնել է, որ խորհրդարանի մեծամասնությունը դեմ է վաղաժամկետ ընտրություններին և պատրաստ է փոխզիջումների՝ նոր կառավարության ղեկավար նշանակելու համար։
Թրամփը հայտարարում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի խաղաղության ծրագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Ըստ նրա՝ դա նշանակում է, որ բոլոր պատանդները շուտով կազատվեն, իսկ Իսրայելը կհեռացնի իր զորքերը համաձայնեցված գծի վրա։
Թրամփը շնորհակալություն է հայտնել Կատարին, Եգիպտոսին և Թուրքիային միջնորդության համար՝ ընդգծելով, որ այս համաձայնագիրը պատմական նշանակություն ունի։
Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել «Ատոմ» նախագծից
«Կամա» ԲԲԸ-ի ղեկավար Միխայիլ Բրոյտմանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի դուրս գալը պայմանավորված է անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու դժվարությամբ։ Նա նշել է, որ Վարդանյանի դերը նշանակալի է եղել «Ատոմ» էլեկտրական մեքենայի նախագծի զարգացման մեջ և ակնկալվում է նրա վերադարձը, երբ սահմանափակումները վերանան։
«Ատոմ»-ը նախատեսվում է արտադրել «Մոսկվիչ» գործարանում, իսկ 2025 թվականին մեքենայի արժեքը կբարձրանա մինչև 3–4 միլիոն ռուբլի՝ առանց պետական աջակցության։
ՀՀ դեսպանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են TRIPP-ի իրականացումը
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։ Քննարկվել են Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, այդ թվում՝ ՀՀ–ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերը և TRIPP նախագծի կյանքի կոչման քայլերը։
Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության հաստատման ուղղությամբ։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հազարավոր մարդիկ ստացել են ՀՀ քաղաքացիություն
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 12 հազար 500 մարդ արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ քաղաքացիություն է տրվել նաև 6 հազար 778 անչափահասի։ Ընդհանուր առմամբ մոտ 20 հազար տեղահանված, ներառյալ երեխաները, ստացել են ՀՀ քաղաքացիություն։
Ռուսական հրթիռային հարված՝ Ուկրաինայի վրա
Ռուս զինծառայողները «Իսկանդեր–Մ» համալիրով հրթիռային հարված են հասցրել Խերսոնի շրջանում անօդաչու թռչող սարքերի արտադրամասին։
Հարվածը, ըստ ռուսական կողմի, իրականացվել է հետախուզական անօդաչու թռչող սարքի օգնությամբ՝ ճշգրիտ հաշվարկներով։
Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի։ Նա հայտարարել է, որ խաղաղությունը վերականգնելը իր համար ավելի կարևոր է, քան Նոբելյան մրցանակ ստանալը։
Թուրքիան Կոսովին մատակարարել է մարտական անօդաչուներ
Թուրքիան Կոսովոյի Հանրապետությանը մատակարարել է հազարավոր կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Այդ քայլը վրդովեցրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որը դա գնահատել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի խախտում։
Ղազախստանը ներառել է արհեստական բանականություն՝ կառավարման համակարգում
Ղազախստանի ազգային բարեկեցության «Սամրուկ-Կազինա» հիմնադրամը իր տնօրենների խորհրդի կազմում ընդգրկել է SKAI անունով արհեստական բանականության մոդել։ Այն ներկայացվել է Աստանայում՝ Digital Bridge 2025 ֆորումում։
SKAI-ն ունի քվեարկության իրավունք, կարող է վերլուծել փաստաթղթեր և գնահատել ղեկավարության որոշումները։
Կառավարությունը կվճարի արցախցիների հիփոթեքային վարկերը
Հայաստանի կառավարությունը որոշել է իր վրա վերցնել Ղարաբաղից տեղահանված և զոհված կամ անհայտ կորած ճանաչված անձանց ընտանիքների հիփոթեքային վարկերի մարումը։
Այդ վարկերը 2023-ի սեպտեմբերից չեն մարվել, և կառավարությունը որոշել է մարումները իրականացնել պետական բյուջեի միջոցներով։ Քաղաքացիություն չստացած շահառուների համար վճարումները կմեկնարկեն քաղաքացիություն ստանալուց հետո։
Ակցիա՝ Արցախի իրավունքների պաշտպանության համար
Կառավարության շենքի մոտ արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով չփակել Արցախի վերադարձի հարցը։ Անաստաս Իսրայելյանը հայտարարել է, որ Արցախը չի կարող վերանալ հայերի գիտակցությունից, և ժողովրդի ապագան պետք է որոշեն հենց արցախցիները։
Չինաստանը մեծացնում է Թայվանի շուրջ ռազմական ակտիվությունը
Չինաստանը բարձրացնում է Թայվանի շուրջ գործողությունների ինտենսիվությունը՝ փորձելով կատարելագործել հարձակողական կարողությունները։
Հիբրիդային պատերազմի շրջանակում Պեկինը օգտագործում է արհեստական ինտելեկտ՝ Թայվանի ենթակառուցվածքների թույլ կետերը հայտնաբերելու համար։
Կառավարությունը հաստատել է նոր սուբվենցիոն ծրագրեր
Կառավարությունը հաստատել է 24 համայնքում իրականացվելիք 26 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 1 միլիարդ 582 միլիոն դրամի չափով։ Ըստ ՏԿԵ նախարարության՝ 2025-ի բյուջեից ընդհանուր առմամբ համաֆինանսավորվել է շուրջ 14.9 միլիարդ դրամի ծրագրեր։
Կարկուտից տուժածներին կտրամադրվի փոխհատուցում
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում կարկուտի վնասների համար հողօգտագործողներին կհատկացվի փոխհատուցում։
Վնասի չափից կախված՝ փոխհատուցումը կկազմի մինչև 446 հազար դրամ մեկ հեկտարի դիմաց։
ԱԶԲ-ն կաջակցի աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ասիական զարգացման բանկը կաջակցի ՆԳ նախարարությանը՝ աղետների ռիսկի նվազեցման, տվյալների հավաքագրման և սեյսմիկ անվտանգության ամրապնդման նպատակով։ Ծրագրի շրջանակում կզարգացվեն տեխնոլոգիական կառավարման համակարգեր և գնահատման մեխանիզմներ։
Բրիտանական բանկերը կվճարեն հաճախորդներին խախտումների համար
Մեծ Բրիտանիայի բանկերը ստիպված կլինեն վճարել շուրջ 8.2 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ ավտովարկավորման ոլորտում թույլ տրված խախտումների համար։ Հաճախորդները միջինում կստանան մոտ 700 ֆունտ փոխհատուցում։
ԱԳ փոխնախարարը՝ «Զանգեզուր» նախագծի մասին
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ ՀՀ տարածքում «Զանգեզուր» անունով որևէ նախագիծ չկա և չի կարող լինել։
Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որը կբացի տարածաշրջանային կոմունիկացիաները և կապահովի կայունություն։
Խաղողի բերքն այս տարի աճել է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ այս տարի խաղողի բերքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող՝ 20 հազարով ավելի, քան 2024-ին։ Տարվա ընթացքում նախատեսվում է մինչև 200 հազար տոննա մթերում։
Amazon-ը կձեռնարկի խոշոր ներդրում Բելգիայում
Amazon.com Inc.-ը մտադիր է մինչև 2027 թվականը 1 միլիարդ եվրո ներդնել Բելգիայում՝ զարգացնելու իր լոգիստիկ ենթակառուցվածքները և համագործակցությունը տեղական բիզնեսների հետ։
Համաշխարհային բանկը նվազեցրել է Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2025-ին կդանդաղի մինչև 0.9%, իսկ 2026-ին՝ մինչև 0.8%։ Տարածաշրջանի այլ երկրների համար կանխատեսվել է միջինում 3.3%-ի աճ։
Նավթի գների կայունացում համաշխարհային շուկայում
Չնայած նավթի պաշարների ավելացմանը, գներն այժմ կայուն են։ Մասնագետների կարծիքով՝ պատճառներից մեկը Չինաստանի կողմից նավթի մեծածավալ գնումներն են։ 2026-ին Brent տեսակի նավթի միջին գինը կանխատեսվում է 52 դոլար՝ 2025-ի 69-ի փոխարեն։
Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ
Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության խորացման հարցեր և շեշտել տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։
Թմրանյութի վաճառք՝ Դավթաշենում
Ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա տղամարդու, որը Արաբկիրի տարածքում թմրանյութ էր իրացնում։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ութ փաթեթ բուսական զանգված։ Գործը քննում է քննչական մարմինը։
Արհեստական բանականությունը՝ իրավաբանական գործերում
ԱՄՆ-ում աճում է քաղաքացիների թիվը, որոնք իրավաբանական հարցերում օգտվում են արհեստական բանականությունից։ Կալիֆորնիայում բնակչուհի Լին Ուայթը ChatGPT-ի օգնությամբ պատրաստել է բողոք և խուսափել 70 հազար դոլարի տուգանքից՝ հաղթելով դատը։
Անահիտ Թարխանյանը՝ Եղեռնի հուշարձանի վերանորոգման մասին
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը քննադատել է Եղեռնի հուշարձանի վերանորոգման ընթացքը՝ նշելով, որ այն իրականացվում է առանց մասնագիտական վերահսկողության։ Նա զգուշացրել է, որ խոր խրամատների փորման աշխատանքները կարող են վտանգել հուշարձանի ամբողջականությունը։
Փաշինյանի այցը Տաջիկստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9–10-ին կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին։ Այցին կմասնակցեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
ՄԱԿ-ը կրճատում է խաղաղապահների թիվը
ՄԱԿ-ը ֆինանսական խնդիրների պատճառով նախատեսում է 25%-ով կրճատել խաղաղապահների թիվը՝ նվազեցնելով շուրջ 13–14 հազար զինծառայող։
Խաղաղապահ առաքելությունների բյուջեն նույնպես կնվազի 15%-ով։
ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա՝ ԵԱՀԿ ԽՎ նիստին
Նոյեմբերի 16–20-ը Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին կմասնակցեն Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և Արթուր Հովհաննիսյանը։
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախարարների հանդիպումը
Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր և համագործակցության նոր ուղղություններ։
Փաշինյանը՝ «Համաշխարհային դարպասներ» համաժողովում
Բրյուսելում վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» համաժողովին և ներկայացրել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ Եվրոպայի, Կովկասի և Ասիայի միջև։
Կարկուտից տուժած գյուղացիների ապահովագրության խնդիրները
Կառավարության նիստում քննարկվել է ապահովագրական համակարգի բացերի խնդիրը։ Վնասաբերության բարձր մակարդակի պատճառով ապահովագրական ընկերությունները խուսափում են գյուղացիների հետ պայմանագրեր կնքելուց։
Գործադիրը հաստատել է մասնակի փոխհատուցման ծրագիր։
Արման Թաթոյանը հայտարարում է «Միասնության թևեր» նախաձեռնության մեկնարկը
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադրման մասին՝ նպատակ ունենալով պաշտպանել ժողովրդի և պետության շահերը և խթանել համահայկական միասնությունը։
Ալիևը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Բաքվում կայացած հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Նա նշել է, որ բոլոր ճանապարհային քարտեզները կյանքի են կոչվում և կողմերի օրակարգը դրական է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/10/15 21:00
Հոկտեմբերի 15-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/10/15 20:20
Հոկտեմբերի 15-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2025/10/15 18:40
Ինչպես մնալ դիմացկուն խափանումների դարաշրջանում․ երեք հենասյուն ուժեղ ղեկավարի համար
-
Հոկտեմբերի 15-ի բիզնես լուրերը
2025/10/15/ 21:00 -
Հոկտեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/10/15/ 20:20 -
Ինչպես մնալ դիմացկուն խափանումների դարաշրջանում․ երեք հենասյուն ուժեղ ղեկավարի համար
2025/10/15/ 18:40 -
Համաշխարհային պետական պարտքը մինչև 2029 թվականը կգերազանցի համաշխարհային ՀՆԱ-ի 100%-ը
2025/10/15/ 18:33 -
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել
2025/10/15/ 17:07 -
Միրզոյանն ու ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
2025/10/15/ 17:00 -
Հայաստան է տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց. կան կալանավորվածներ
2025/10/15/ 16:32 -
Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնին
2025/10/15/ 16:21 -
Կրակոցներ` «Դերժավայի Արկադիի» տան մոտ․ 10 ձերբակալված կա
2025/10/15/ 15:58 -
Փոփոխություններ հիփոթեքային պայմանագրերում. նոտարական վավերացումը պարտադիր չի լինի
2025/10/15/ 15:44
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2025Թ.

«ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ». ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ SALESFORCE-Ը ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

IDBANK-Ը ԵՊՀ «ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
